Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը նոր առաջնորդներ ունի — Երկիր Մեդիա

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը նոր առաջնորդներ ունի

Դեմիրթաշն ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը․․․
demirtash

Թուրքիայի քրդամետ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կիրակի համագումարի ժամանակ նոր առաջնորդների է ընտրել: Նրանցից մեկը՝ 54-ամյա Սեզայի Թեմելլին, փոխարինել է քրդամետ կուսակցության բանտարկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին: 50-ամյա Փերվին Բուլդանն էլ ընտրվել է որպես համանախագահ: Նրանք առաջնորդելու են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը 2019 թվականի նոյեմբերին Թուրքիայում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին:

Դեմիրթաշն ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը կուսակցության առաջնորդի պաշտոնի համար, որոշումն էլ վերահաստատել էր նամակի միջոցով, որն ընթերցվել է համագումարի ժամանակ: Նամակում Դեմիրթաշն ասել է նաեւ, որ Թուրքիայի իշխանությունները կարող են հազարավոր բանտեր կառուցել, սակայն միեւնույնն է տեղ չեն գտնի իրենց բոլորին այնտեղ տեղավորելու համար:

Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը ձերբակալվել է 2016 թվականին՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով: Հատկանշական է, որ դեռ երեկ ընտրված Բուլդանի դեմ Անկարայի դատախազությունն այսօր արդեն հետաքննություն է սկսել՝ Սիրիայում քրդերի դեմ թուրքական բանակի գործողությունները քննադատելու համար:

Համագումարին ներկա է եղել նաեւ տարբեր երկրներից կուսակցական պատվիրակություններ։ Համագումարին մասնակցել է նաեւ Հայ Հեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը կուսակցության միջազգային քարտուղարության անդամ Խաժակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Դաշնակցությունն ու Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն անդամակցում են համաշխարհային սոցիալիստական մեծագույն միությանը՝ Սոցինտերնին եւ բավականին ակտիվ շփումներ ունեն տարբեր մակարդակներում։ Դաշնակցության դիտորդները այդ կուսակցության հրավերով ներկա են եղել նաեւ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին իբրեւ միջազգային դիտորդներ։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համագումարի ընթացքում Խաժակ Մկրտչանն ունեցել է բազմաթիվ հանդիպումներ այլ պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ընտրվելուց հետո զրույց ունեցել կուսակցության նորընտիր համախագահ Սեզայի Թեմելլիի հետ։

HDP-ARF-KhajagM-e1518444376288-600x705

*

*