«Մենք զրոյից նոր պետություն կկառուցենք». Էրդողան

Էրդողանը Գյուլենի խմբավորումն ահաբեկչական է համարում:

Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի Ստամբուլում  անցկացված մեծ հանրահավաքում հայտարարել է, որ Գյուլենի խմբավորումը հանդիսանում է ոչ թե կրոնական համայնք, ինչպիսին նա ցանկանում է ներկայանալ, այլ ահաբեկչական կազմակերպություն, որը ձգտում է վերահսկողություն հաստատել երկրի տնտեսության, ինչպես նաեւ ամբողջ պետության վրա:

Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանն ասել է. «Մենք թույլ չենք տա, որպեսզի նրանք ներկայացված լինեն մեր պետական կառույցներում: Մենք զրոյից նոր պետություն կկառուցենք: Կմաքրենք անվտանգության ուժերի շարքերը»:

Էրդողանի խոսքով` գյուլենականները ծրագրում են ոչ միայն Թուրքիան վերցնել իրենց վերահսկողության տակ, այլեւ նրանք ցանկանում են իրենց ձեռքը վերցնել նաեւ Աֆրիկայի որոշ երկրներ:

Օրերս Ստամբուլի դատարանը ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի ձերբակալության մասին որոշում է ընդունել:

Ուշագրավ է, որ Ստամբուլի Ենիքափը հրապարակում կիրակի անցկացված «Հանուն դեմոկրատիայի եւ շեհիդների» հանրահավաքում Էրդողանը հայտարարել է, որ կպաշտպանի ռազմական հեղաշրջման մասնակիցների նկատմամբ մահապատիժ մտցնելու մասին պահանջը, եթե Թուրքիայի խորհրդարանը նման որոշում ընդունի:

«Ես բացահայտ հայտարարում եմ, որ եթե խորհրդարան նման որոշում ընդունի եւ գործը հասնի իմ հաստատմանը, ապա ես նման օրենք կստորագրեմ», -ընդգծել է Թուրքիայի նախագահը:

*

*