Հայտնի է Թուրքիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը

Առաջին անգամ Թուրքիայի մեջլիսը 550-ի փոխարեն 600 պատգամավոր կունենա
turqia-mejlis

Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանն առաջին նիստը կգումարի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 3 օր անց: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ակնկալվում է, որ ընտրական հանձնաժողովը վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 29-ին: Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստում տեղի կունենա պատգամավորների երդման արարողությունը: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում՝ այս ընտրություններից հետո առաջին անգամ Թուրքիայի մեջլիսը 550-ի փոխարեն 600 պատգամավոր կունենա:

Նիստը, ավանդույթի համաձայն, պետք է վարի ամենատարեց պատգամավորը, ով այս պարագայում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Դենիզ Բայկալն է: Նոր խորհրդարանի առաջին նիստից հետո 5 օրվա ընթացքում կուսակցությունները կներկայացնեն մեջլիսի նախագահի իրենց թեկնածուների անունները, ինչից հետո 5 օրվա ընթացքում նախագահի ընտրություններ կլինեն: Մեջլիսի նախագահի ընտրությունը տեղի կունենա գաղտնի քվեարկությամբ: Համաձայն կանոնակարգի՝ մեկ գումարման խորհրդարանում տեղի են ունենում մեջլիսի նախագահի երկու ընտրությունը՝ առաջինը 2, երկրորդը՝ 3 տարի ժամկետով:

*

*