Թուրքիայի երկու նահանգները ծածկվել են կարմիր փոշու ամպերով

Անձրևի պատճառով Մարդինը նաև հոսանքազրկվել է։
turqia-karmir-poshi

Թուրքիայի Մարդին և Դիարբեքիր քաղաքներն ու հարակից շրջանները հունվարի 19-ին ծածկվել են Սիրիայից եկած կարմիր փոշու ամպերով, տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դեռ գիշերվանից ուժգին քամու բերած փոշին և անձրևը կշարունակվեն մինչև օրվա վերջ։

Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ փոշու պատճառով տարածաշրջանում ցերեկային ժամերին էլ կարծես գիշեր լինի։ Փողոցներում վառվել են ցերեկային լույսերը, վարորդները երթևեկում են մեքենաների լուսարձակները միացրած, տեսանելիությունը  50 մետրից պակաս է։ Անձրևի պատճառով Մարդինը նաև հոսանքազրկվել է։

Այս իրավիճակի պատճառով քաղաքներում կյանքը կաթվածահար է եղել։ Չեղարկվել են բազմաթիվ  չվերթներ, ժամանող ինքնաթիռները ուղարկվել են այլ օդանավակայաններ։ Մարդկանց մեծ մասը գերադասում է ընդհանրապես դուրս չգալ տներից։

Մարդինի նահանգապետարանը հայտարարել է, որ պետական ոլորտում աշխատող հաշմանդամները, խրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու հղիները մեկօրյա հանգիստ են ստանում և կարող են աշխատանքի չներկայանալ։

Առողջապահության ոլոտի պատասխանատուները խորհուրդ են տվել հատկապես ասթմայով և շնչառական  համակարգի այլ հիվանդություններով, սրտի հետ կապված հիվանդություններով տառապող մարդկանց, հղի կանաց ու երեխաներին՝  տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

*

*