Պայմանական ազատ արձակված իրավապաշտպաններից 2-ը հեռացել են Թուրքիայից

Իրավապաշտպանները հինգշաբթի երեկոյան մեկնել են Բեռլին
turqia-kalanq

Ստամբուլի դատարանի որոշմամբ պայմանական ազատ արձակված իրավապաշտպաններից երկուսը՝ Գերմանիայի քաղաքացի Պետեր Շթոյդները եւ Շվեդիայի քաղաքացի Ալի Ղարավին, հեռացել են Թուրքիայից:

Իրավապաշտպանները հինգշաբթի երեկոյան մեկնել են Բեռլին, որտեղ նրանց դիմավորել են հարազատները:

Հիշեցնենք, որ Ստամբուլի դատարանը հոկտեմբերի 25-ին որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել դեռեւս հուլիսին ձերբակալված, ապա կալանավորված 11 իրավապաշտպաններից 8-ին, որոնք մեղադրվում են ահաբեկչությանն աջակցելու, ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար: Եվս 2 իրավապաշտպան ավելի վաղ էր ազատ արձակվել:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության թուրքական մասնաճյուղի ղեկավար Թաներ Քըլըչի դատավարությունն անցկացվում է Իզմիրում: Նա դեռ անազատության մեջ է: Իր դատական առաջին նիստի ժամանակ նա հերքել է բոլոր մեղադրանքները:

Մեղավոր ճանաչվելու դեպքում, 11 իրավապաշտպաններին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:

*

*