Էրդողան. «Հեղաշրջման այս փորձին պատասխան կտրվի օրենքով»

Էրդողանը տեղի ունեցածը դավաճանություն է որակել:
erdoghan

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի երեկվա գտնվելու վայրը գաղտնի էր պահվում։ Առայժմ հստակ չէ նրա ուղեւորության երթուղին։ Միայն իրավիճակի փոքր ինչ կայունացումից հետո հայտնի դարձավ, որ նա ժամանում է Ստամբուլ։

Օդանավակայանում հանպատրաստից եւ շատ խառնակ մթնոլորտում կայացած ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, խոսելով Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, ասել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարողներն ամենախիստ պատժին կենթարկվեն: Նա տեղի ունեցածը դավաճանություն է որակել:

«Հեղաշրջման այս փորձին պատասխան կտրվի օրենքով: Պատասխանատուները պետք է իմանան, որ այս երկրում օրենքը կգործի»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ դատական գործընթացն արդեն սկսվել է:

Հատկանշական է, որ Էրդողանի կողքին էր նստած իր փեսան, որը եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարն է: Ելույթից հետո Էրդողանը դուրս է եկել օդանավակայանի մոտ հավաքված մարդկանց մոտ՝ ասելով, որ հաղաշրջումը չի հաջողվի իրականացնել:

Ի դեպ, Թուրքիայի նախագահի առաջին մեկնաբանությունը հնչել էր CNN Turk հեռուստաընկերության հետ սկայպ-զրույցում: Այդ ժամանակ նա կոչ էր արել ժողովրդին դուրս գալ հրապարակներ, օդանավակայաններ՝ ասելով, որ ավելի հզոր ուժ չկա, քան ժողովրդի ուժը: Էրդողանն, ինչպես նաեւ մնացյալ պաշտոնյաները, ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրել են իսլամական քարոզիչ, նրա երբեմնի դաշնակից, տեւական ժամանակ Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին։ Ամեն դեպքում, Գյուլենը հայտարարություն է տարածել՝ որով հերքում է Թուրքիայում տեղի ունեցածի հետ որեւէ կապ ունենալու մեղադրանքը:

Անկախ Էրդողանի հայտարարություններից, ռազմական հեղաշրջում ձեռնարկած խումբը խոստացել է վճռականորեն շարունակել պայքարը ռեժիմի դեմ: Այսպես են նրանք անվանում Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի իշխանություններին:

Զինված ուժերի գլխավոր շտաբի էլեկտրոնային փոստի հասցեից տարածված հայտարարությունում նշվում է, թե հեղաշրջման կազմակերպիչները խոստանում են, որ կդիմադրեն նաեւ բոլոր նրանց, ովքեր աջակցում են գործող իշխանություններին:

*

*