Թուրքիայում ցանկանում են վերակառուցել հայկական Սբ Երրորդություն եկեղեցին

Նախքան Հայոց ցեղասպանությունը Աքշեհիր քաղաքում 4 հազար 950 հայ էր ապրում։
turqia-sb-errordutyun-ekexeci

Թուրքիայում սկսվել են Քոնիա նահանգի Աքշեհիր քաղաքում գտնվող հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու վերակառուցմանն ուղղված աշխատանքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Եկեղեցին վերակառուցվելու է Աքշեհիրի քաղաքապետարանի և Թուրքիայի զարգացման նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում: Աքշեհիրի քաղաքապետարանը պատրաստվում է վերակառուցումից հետո եկեղեցին կիրառել որպես մշակութային կենտրոն:

Եկեղեցու վերակառուցման ծրագիրը հաստատելու համար նախորդ շաբաթ եկեղեցու դիմաց  տեղի է ունեցել ծրագրի ստորագրման արարողությունը: Ստորագրման արարողության ժամանակ խոսել է Աքշեհիրի քաղաքապետ Սալիհ Աքքայան, ով տեղեկացրել է, որ վերակառուցվելու է նաև եկեղեցու մաս կազմող քահանաների բնակության համար նախատեսված շինությունը, որը օգտագործվելու է, որպես հյուրանոց: Աքշեհիրի քաղաքապետը հայտնել է, որ ծրագրվում է վերանորոգել նաև քաղաքի հայկական բաղնիքը:

Քաղաքապետը նշել է, որ եկեղեցու և այլ շինությունների վերակառուցումը նպատակ ունի Աքշեհիրում  ակտիվացնելու զբոսաշրջությունը: «Կարծում եմ, որ այս եկեղեցին բոլորին ցույց կտա, թե ինչ մշակութային հարստություն ունի Աքշեհիրը»,- հավելել է քաղաքապետը:

Քոնիա նահանգի Աքշեհիր քաղաքում նախքան 1915 թ. Հայոց ցեղասպանությունը բնակվել է 4 հազար 950 հայ: Սբ. Երրորդություն եկեղեցուց բացի Աքշեհիրում գործել է հայկական 4 կրթօջախ, ինչպես նաև հայկական բաղնիք:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները