Թուրքիայի հայ համայնքը դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին

Հանրաքվեի արդյունքում նախագահը միահեծան իշխանություն է ունենալու:
bagrate-estukyan

Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ոչ մի կերպ չի կարելի բարեփոխում անվանել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ հավելելով, որ հանրաքվեի արդյունքում նախագահը միահեծան իշխանություն է ունենալու:

«Այս ամենի արդյունքում Թուրքիայում բռնապետական իշխանություն է լինելու, ուստի որևէ կերպ սահմանադրական հանրաքվեն բարեփոխում չի կարելի անվանել»,- ասաց նա:

Բագրատ Էստուկյանը նշեց, որ Թուրքիայի հայ համայնքը դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, և բոլորը «ոչ» են քվեարկել: «Բայց, ցավոք, «այո»-ն հաղթեց, ինչը սպասելի էր: Այս ամենից հետո երկրում քաղաքական իրավիճակն ավելի  բարդ կլինի»,- նշեց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիրը:

Հարցին, թե որն է պատճառը, որ Թուրքիայի մեծ քաղաքներում ընտրողները հիմնականում դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, Էստուկյանը պատասխանեց, որ դրա հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան միատարր պետություն չէ: «Թուրքիայում կան ազգային փոքրամասնություններ, տարբեր կրոնական դավանանք ունեցող մարդիկ: Օրինակ Դերսիմում, որը հիմնականում ալևիներով բնակեցված քաղաք է, 80 տոկոսով հաղթել է «ոչ»-ը: Եվ ընդհանրապես Թուրքիայի քրիստոնյա բնակչությունը հիմնականում դեմ է արտահայտվել առաջարկվող փոփոխություններին: Այսպես կարելի է բացատրել Թուրքիայի տարբեր տարածքներում քվեարկության տարբերությունները»,- եզրափակեց Բագրատ Էստուկյանը:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»-ի օգտին խախտման արդյունքում:

*

*