Սահմանախախտների թիվը հեղափոխությունից հետո կտրուկ աճել է. Թուրքիայի հատուկ ծառայությունը գործի է անցել

...սահմանն ապօրինի խախտելու դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 4 անգամ
sahmanaxaxt

Վերջին շրջանում հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձերի աճ է գրանցվել: Yerkir.amը գրավոր հարցմամբ դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն` տեղեկանալու, թե 2018-ի ապրիլ ամսից մինչև 2018-ի հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում (հարցումն ուղարկելու օրը) հայ-թուրքական սահմանի ապօրինի խախտման քանի դեպք է գրանցվել: Ի պատասխան ԱԱԾ-ից նշել են, որ այս տարի վերոնշյալ ժամանակահատվածում արձանագրվել է հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձի 13 դեպք: Ի դեպ, 2017-ի ապրիլից մինչև հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել էր հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձի 3 դեպք: Ստացվում է` այս տարվա նույն ժամանակահատվածում սահմանն ապօրինի խախտելու դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 4 անգամ:

Ինչպես են ճշտում սահմանախախտի ինքնությունը, ինչ պատիժ է սպասվում նրանց

Սահմանախախտների հետ կապված` ՀՀ պատկան մարմիններից յուրաքանչյուրն իր գործառույթներն ունի: ՀՀ պաշտպանության նախարարությունը, օրինակ, սահմանն ապօրինի խախտողին հայտնաբերելուց հետո նրան փոխանցում է ԱԱԾ-ին: ԱԱԾ-ն էլ նախ ուսումնասիրություն է կատարում, օպերատիվ միջոցառումներ իրականացնում` ճշտելու  համար նրա` ով լինելը: Սահմանն ապօրինի խախտողների մոտ հաճախ անձի ինքնությունը հաստատող որևէ փաստաթուղթ չի լինում, ավելին` երբեմն լինում են նաև կեղծ փաստաթղթեր, ուստի ԱԱԾ-ն նախ տարբեր հաշվառումներով, Ինտերպոլի միջոցով ճշտում  է սահմանախախտի ազգությունը: ԱԱԾ-ն իր նախապատրաստած նյութերը Քննչական գլխավոր վարչություն է փոխանցում, ինչպես նաև տեղեկացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, իսկ ԱԳՆ-ի միջոցով` համապատասխան երկրի  հյուպատոսությանը: Սահմանախախտի` ով լինելը պարզելուց հետո դեպքի մասին տեղյակ է պահվում Միջազգային միգրացիոն ծառայությանը, ՄԻՊ-ի գրասենյակին: Եթե անձին կալանավորելու որոշում չի կայացվում, սահմանախախտին միգրացիոն ծառայության միջոցով ժամանակավոր կացարան է տրամադրվում` մինչև փաստաթղթավորումը, որից հետո նա արդեն կարող է հեռանալ երկրից:

Ինչ վերաբերում է կալանքի դեպքերին, ապա այն կարգավորվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով, այն է.

  1. «1. Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
  2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
  3. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ վերապահված քաղաքական ապաստանի իրավունքից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության մուտք է գործում ՀՀ»:

Կարմիր խաչի առաքելությունը` երկխոսության հաստատումից մինչև հայրենադարձություն

Սահմանախախտների հետ կապված էական անելիքներ ունի նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Yerkir.am-ի հետ զրույցում նշել է, որ տվյալ իրավիճակներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գործում է որպես անկողմնակալ, չեզոք միջնորդ և կողմերին առաջարկում է իր մարդասիրական ծառայությունն այդ անձի վերաբերյալ: Մասնավորապես` խոսքը սահմանախախտին պարբերաբար այցելելու, նրա պահման պայմանները ստուգելու, ինչպես նաև նրա հանդեպ վերաբերմունքին ծանոթանալու  մասին է: «Կարմիր խաչի գործառույթների մեջ է մտնում նաև կապի հաստատումն այդ անձի և նրա հարազատների հետ, քանի դեռ նա անազատության մեջ է` անկախ այն հանգամանքից, թե որ երկիր է նա տեղափոխվում: Բացի այդ` Կարմիր խաչը կողմերի համաձայնության, ինչպես նաև այդ անձի համաձայնության պարագայում նրա հայրենադարձումն է կազմակերպում: Այս ամենը մենք անում ենք` հիմնվելով մեր հանձնագրի վրա, որը բխում է Ժնևի կոնվենցիայից»,- ասաց Ամատունին:

Ի դեպ, սահմանն ապօրինի հատող անձինք կարող են լինել ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Երկու դեպքում էլ Կարմիր խաչն անելիք ունի:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*