Թուրքիայի իշխանությունը երգչուհու համերգները չեղարկել է, երբ նա ցույցերը «շոու» է անվանել

«Ես բացարձակ դեմ եմ հեղաշրջմանը, սակայն ես կնախընտրեի չմասնակցել նման շոուի»,- ասել է երգչուհին՝ ցույցից մի քանի օր առաջ:
turq-ergchuhi

Թուրքական իշխանությունները չեղարկել են երգչուհի Սըլը Գենչօղլուի բոլոր համերգներն այն բանից հետո, երբ նա հեղաշրջման փորձի հանդեպ իշխանությունների հաղթանակին նվիրված ցույցերը «շոու» է անվանել, գրում է tert.am-ը՝ հղում կատարելով РИА Новости-ին:

Կիրակի Ստամբուլում կայացել է ամենամարդաշատ ցույցը` հօգուտ իշխանությունների: Նրան մասնակցել է առնվազն 5 մլն մարդ: Ելույթ են ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները: Ցույցն ուղեկցվել է տարբեր երաժիշտների ելույթներով:

«Ես բացարձակ դեմ եմ հեղաշրջմանը, սակայն ես կնախընտրեի չմասնակցել նման շոուի»,- ասել է երգչուհին՝ ցույցից մի քանի օր առաջ:

Ավելի ուշ` սոցցանցերում քննադատության ալիքի բարձրացումից հետո, նա հայտարարել է, որ չի պատրաստվում ոչինչ բացատրել: Նա նշել է, որ մնում է իր կարծիքին:

«Դուք ասում եք ժողովրդավարություն: Ես էլ արտահայտում եմ իմ մտքերը»,- նշել է երգչուհին:

Ստամբուլի իշխանությունները չեղարկել են 2 համերգ, որոնք նախատեսված էին սեպտեմբերի 21-ին և 22-ին, ինչպես նաև 1 համերգ Բուրսա քաղաքում սեպտեմբերի 28-ին և ելույթը Կայսերի քաղաքում:

 

 

*

*