Էրդողանի երազած Թուրքիան․ «ժողովրդավարությունը» կփոխարինվի նախագահականով

Մասշտաբային փոփոխություններ կլինեն երկրի կառավարման համակարգում՝ Քեմալ Աթաթուրքի հիմնած Թուրքիայի ձեւավորման օրվանից ի վեր:

Ռեջեփ Էրդողանը սկսում է գրել նոր Թուրքիայի` իր Թուրքիայի պատմությունը: Ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքում Թուրքիայի խորհրդարանական «ժողովրդավարությունը» փոխարինվում է նախագահականով, ինչը նշանակում է մասշտաբային փոփոխություններ երկրի կառավարման համակարգում՝ Քեմալ Աթաթուրքի հիմնած Թուրքիայի ձեւավորման օրվանից ի վեր:

«Այսօր Թուրքիան երկրի կառավարման համակարգի հետ կապված պատմական որոշում կայացրեց: Այս հարցը քննարկվել է 200 տարի շարունակ: Սահմանադրական այս բարեփոխումները սովորական փոփոխություններ չեն: Սա բոլորովին այլ բան է եւ շատ իմաստալից»,- ասում է Էրդողանը:

Ընդհանուր առմամբ, փոխվում է Թուրքիայի գործող սահմանադրության 18 հոդված, ավելանում են նախագահի լիազորությունները: Օրինակ՝ վերացվելու է վարչապետի պաշտոնը, ներդրվելու են փոխնախագահների ինստիտուտներ: Նրանց էլ արդեն նշանակելու է Թուրքիայի նախագահը: Վերջինը նաեւ լիազորություն կունենա նշանակել ու պաշտոնից հեռացնել նախարարներին: Կկարողանա միջամտել դատական համակարգին, որոշել՝ հայտարարե՞լ երկրում արտակարգ դրություն, թե՝ ոչ:

Այսուհետ, Թուրքիայի նախագահը նաեւ օրենքով կկարողանա ղեկավարել իր քաղաքական կուսակցությունը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Կարող է ընտրվել առավելագույնը երկու անգամ: Սահամանադրական մյուս փոփոխություններով՝ մեջլիսի պատգամավորների թիվը կավելանա՝ 550-ի փոխարեն՝ 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից կիջեցվի 18-ի: Մեջլիսի եւ նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ անգամ՝ միեւնույն օրը: Այս բոլոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019 թվականից: Դրանք վայելելու համար Ռեջեփ Էրդողանը դեռ պետք է հաղթի նախագահական հաջորդ ընտրություններում:

Քաղաքական վերլուծաբան Գարեթ Ջենկինսը մտավախություն ունի, որ ցանկալի արդյունքին հասնելու համար Էրդողանը հետագայում ավելի մեծ ճնշում կգործադրի:

«1989 թվականից ի վեր Թուրքիայում եմ բնակվում: Մինչ այս երբեք ականատես չէի եղել ընտրությունների կամ հանրաքվեի, որոնց ժամանակ այսքան մեծ ճնշում գործադրվեր հակառակ կողմի վրա: Սահամանափակումներ եղան քարոզարշավի ընթացքում, շատ մարդիկ բանտ նետվեցին, շատերին ճնշեցին, եւ այս ամենի հետ մեկտեղ նախագահը հաղթահարեց 50 տոկոսի շեմը»,- ասում է Գարեթ Ջենկինսը: 

«Այո»-ի օգտին քվեարկեց ընտրողների ավելի քան 51 տոկոսը, իսկ «ոչ»-ի օգտին՝ ավելի քան 48-ը: Հատկանշական է, որ երկրի խոշորագույն քաղաքներում՝ մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում եւ միջերկրածովյան խոշոր բնակավայրերում հաղթել է «ոչ»-ի ճամբարը: Ընտրելու իրավունք ուներ ավելի քան 58 միլիոն մարդ: Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 85 տոկոս: Հանրաքվեից հետո Թուրքիան բաժանվել է երկու մասի: Մինչ «այո»-ի կողմնակիցները շնորհավորում են միմյանց, «ոչ»-ի ներկայացուցիչները պահանջում են վերահաշվարկել ձայների ավելի քան 60 %-ը՝ վկայակոչելով բազմաթիվ ընտրախախտումները:

 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» դիմել է բարձրագույն ընտրական խորհուրդ, անհրաժեշտության դեպքում կդիմի նաեւ երկրի սահմանադրական դատարան՝ հանրաքվեի արդյունքները չեղարկելու պահանջով:

 

 

Հեղինակ՝

Մարինե Մելիքսեթյան

*

*