Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր «Ջումհյուրիեթ» թերթի գլխավոր խմբագրին ու աշխատակիցներին

Ձերբակալվածներին արգելվել է առաջիկա 5 օրվա ընթացքում հանդիպել իրենց փաստաբաններին:
turqia-jumhyuriet-cumhuriyet

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի ընդդիմադիր «Ջումհյուրիեթ» թերթի գլխավոր խմբագրին՝ Մուրաթ Սաբունջուին: Թերթի մի շարք այլ աշխատակիցներ էլ են ձերբակալվել: Թուրքիայի իշխանությունները նրանց մեղադրում են գյուլենական շարժմանը եւ «Քրդական աշխատավորական կուսակցությանն» աջակցելու մեջ:

Միացյալ Նահանգներում տեւական ժամանակ բնակվող իսլամ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին է Թուրքիայի կառավարությունը մեղադրում երկրում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար, իսկ «Քրդական աշխատավորական կուսակցությանն» ահաբեկչական խմբավորում է համարում:

Ձերբակալվածներին արգելվել է առաջիկա 5 օրվա ընթացքում հանդիպել իրենց փաստաբաններին: Հայտնի է, որ խուզարկություն է իրականացվել թերթի նախկին գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Ջան Դյունդարի տանը: Ենթադրվում է, որ վերջինը երկրի տարածքում չէ:

Ստամբուլի դատարանը մեղավոր է ճանաչել Դյունդարին, ինչպես նաեւ «Ջումհյուրիեթի»՝ Անկարայի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլին՝ պետական գաղտնիքները հրապարակելու համար: Դյունդարը դատապարտվել է 5 տարի 10 ամսվա, իսկ Գյուլը՝ 5 տարվա ազատազրկման: Նրանք ազատության մեջ են մինչեւ դատավճռի բողոքարկման գործընթացի ավարտը: Քննադատները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրում են՝ երկրում հեղաշրջման փորձից հետո մտցված արտակարգ դրության ռեժիմը՝ ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով օգտագործելու համար:

Նշեմ, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել:

*

*