Թուրքիայի ընդդիմությունը սկսել է «Արդարության երթը»

«Թող ողջ աշխարհն իմանա՝ մենք մեր երկրում դեմ ենք բռնապետական ռեժիմին»։
turqia-ardarutyan-ert

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը առաջնորդ Քեմալ Քլչդարօղլուի գլխավորությամբ սկսվել է Անկարայից դեպի Ստամբուլ «Արդարության երթը»: Այն իրականացվում է ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի որոշման:

Նախքան երթը Քըլըչդարօղլուն հայտարարել է. «Մենք չենք ցանկանում, որ բանտերում լրագրողներ ու ուսուցիչներ լինեն: Չենք ցանկանում ապրել մի երկրում, որտեղ չկա արդարություն: Այս ամենը մեզ շատ է վշտացնում, անհրաժեշտ է վերջ տալ այս ամենին: Եթե այս ամենի համար պետք է գին վճարել, ապա թող դա ես անեմ: Այժմ քայլում եմ, այս ամենը վերջ չի ունենա: Դանակն արդեն ոսկորին է հասել: Ասում ենք՝ բավական է: Մեր երկրում ժողովրդավարություն, ազատություն ենք ցանկանում: Մեր երթը կշարունակվի այնքան, քանի դեռ այս երկրում չի հաստատվել արդարություն»,- ասել է նա:

Քեմալական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ երթը քաղաքական կուսակցություն չի ճանաչում: «Թող ողջ աշխարհն իմանա՝ մենք մեր երկրում դեմ ենք բռնապետական ռեժիմին»,- նշել է նա: Ցույցի մասնակիցները ձեռքում պահել են պաստառներ «Արդարություն» գրառմամբ:

Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց սկսվող երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Քլչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր:

Քեմալականները գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում:

*

*