Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել — Երկիր Մեդիա

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Պաղեստինցիների և իսրայելական կողմի միջև բախումների հետևանքով սպանվել է 59 մարդ, վիրավորվել են ավելի քան 2700-ը:
ankara

Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով գրեթե 6 տասնյակ պաղեստինցիների զոհվելու առնչությամբ Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Նա հայտնել է, որ որոշումն ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելուց հետո՝ ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության:

Բոզդաղը Գազայի հատվածում տեղի ունեցածի համար խիստ քննադատություններ է հնչեցրել Միացյալ Նահանգների հասցեին՝  հայտարարելով, թե ԱՄՆ-ը արդեն Իսրայելի հետ «ձեռքը թաթախել է պաղեստինցիների արյան մեջ»:

«Այսօրվա կոտորածը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ աշխատանքն է, և երկու երկրներն էլ այդ կոտորածների առաջին պատասխանատուն են»,- հայտարարել է նա: Բոզդաղը նշել է, որ մայիսի 14-ը պատմության մեջ կմտնի որպես «արյունոտ երկուշաբթի»:

Մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատան բացման փաստը մեծ զայրույթ է առաջացրել պաղեստինցիների շրջանում, ովքեր բողոքի ցույցեր են իրականացրել Գազայի հատվածում: Մայիսի 14-ին իսրայելական կողմը պաղեստինցիների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչպես նաև կրակել բացել նրանց վրա: Դրա հետևանքով սպանվել  է 59 մարդ, վիրավորվել են ավելի քան 2700-ը:

*

*