Ըստ Թիլերսոնի՝ Իրանն աշխարհի առաջատարն է ահաբեկչությունը հովանավորելու ասպարեզում

Թիլերսոնն ասել է, որ Իրանի սադրիչ գործողություններն ապակայունացնում են իրավիճակը
reqs-tilerson

Ռեքս Թիլերսոնն ասել է, որ Իրանի սադրիչ գործողություններն ապակայունացնում են իրավիճակը Միջին Արեւելքի երկրներում: Թիլերսոնի խոսքով Իրանն աշխարհի առաջատարն է ահաբեկչությունը հովանավորելու ասպարեզում, եւ պատասխանատու է բազմաթիվ հակամարտությունների ակտիվացման, նաեւ Սիրիայում, Եմենում, Իրաքում ու Լիբանանում ԱՄՆ-ի շահերի խափանման համար:

«Իրանը նաեւ շարունակում է աջակցել Իսրայելի վրա գրոհները»,- ասել է Թիլերսոնը՝ նշելով, որ Թրամփի վարչակազմը սկսել է վերանայել քաղաքականությունն Թեհրանի նկատմամբ: Մասնավորապես, Սպիտակ տունը նորից քննադատում է 2015 թվականի ամռանը Իրանի եւ միջնորդների «վեցյակի»՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեռք բերված միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնագիրը:

Իրանի արտգործնախարարը Միացյալ Նահանգներից պահանջել է կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ կապված միջուկային այդ գործարքի հետ, այլ ոչ թե մեղադրանքներ հնչեցնել Թեհրանի հասցեին:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը նշել է նաեւ, որ Իրանն ունի նույն այն ճանապարհն անցնելու ներուժը, ինչ Հյուսիսային Կորեան: «Միացյալ Նահանգները կցանկանար խուսափել այն իրադրությունից, երբ 2-րդ անգամ հարկ կլինի համոզվել, որ ռազմավարական համբերությունն անհաջող մոտեցում է»,- նշել է Թիլերսոնը:

Ավելի վաղ, Վաշինգտոնն ասել էր, որ իր ռազմավարական համբերությունը սպառվել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որը ի հեճուկս միջազգային հանրության արգելքներին, շարունակում է միջուկային ու հրթիռային փորձարկումներ իրականացնել:

*

*