Թբիլիսիում ցույցերը շարունակվում են

Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր առավոտյան թույլ չեն տվել շենք մտնել մի շարք պատգամավորների
vrastan,-nstacuyc

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, շարունակվում է նստացույցը, բոլոր մուտքերի մոտ վրաններ են տեղադրված: Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր առավոտյան թույլ չեն տվել շենք մտնել մի շարք պատգամավորների:

Նախօրեին ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հայտարարել էին, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները կկարողանան խորհրդարան մտնել, եթե համաձայնվեն կատարել իրենց բոլոր պահանջները: Իսկ պահանջները երեքն են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համամասնական կարգով ընտրությունների անցկացում եւ անցումային կառավարություն:

Վրաստանում նման ցույցերի պատճառ է դարձել անցած շաբաթ խորհրդարանում ընտրական բարեփոխումների տապալումը: Խառը ընտրակարգը համամասնականով փոխարինելու խոստումը այս ամռանը Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի մասնակիցներին տվել էր հենց «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:

Ցուցարարները պնդում են՝ նա դրժել է իր խոստումը: Վրաստանի մայրաքաղաքում երեկվա մասսայական ցույցերի ժամանակ հնչել են «Բիձինան պետք է հեռանա», «Վերադարձնենք Վրաստանը» կարգախոսները:

*

*