Թբիլիսիից առեւանգված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է

Վրաստանի ՆԳ նախարարը հերքել է լրագրողի առեւանգման գործում վրացական իրավապահ մարմինների ներգրավվածության մասին պնդումները:
bant

Բաքվի դատարանը Թբիլիսից առեւանգված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըին երեք ամսով կալանավորել է: Լրագրողի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալին ներկայացվել է նաեւ նոր մեղադրանք՝ սահմանապահի նկատմամբ բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու հիմնավորմամբ: Մուխթարլըն ասել է, որ չի տեսել սահմանապահին, եւ որ իրեն բռնած անձինք եղել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների համազգեստով:

Վրաստանի ներքին գործերի նախարարը հերքել է լրագրողի առեւանգման գործում վրացական իրավապահ մարմինների ներգրավվածության մասին պնդումները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ լրագրողին առեւանգել էին Թբիլիսիում, ծեծել, ապա բռնի ուժով տեղափոխել Ադրբեջան: Մեքենայի մեջ նրա գրպանում խոշոր չափի գումար էին դրել եւ Ադրբեջանում նրան ներկայացվել են գումարի ապօրինի տեղափոխման եւ սահմանն անօրինական կերպով հատելու մեղադրանքներ:

*

*