Ստամբուլում ձերբակալվել է համալսարանի 103 աշխատակից

Ձերբակալվածները մեղադրվում են թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար:
turqia-dzerbakalutyun

Ստամբուլում գտնվող Յըլդըզի տեխնիկական համալսարանում ոստիկանական գործողություն է իրականացվել, որի ընթացքում ձերբակալվել է համալսարանի 103 աշխատակից, նրանցից 73-ը՝ գիտական կոչում ունեցող ակադեմիկոսներ: Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Խուզարկություններ ու ձերբակալություններ են կատարվել տարբեր հասցեներում։ Համալսարաններում դասախոսների, գիտնականների եւ ուսանողների ձերբակալություններն առաջին անգամ չեն, որ կատարվում են։ Հարյուրավորներն արդեն հայտնվել են բանտերում։

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ողջ երկրով մեկ սկսվել էին ձերբակալություններ՝ զինված ուժերում եւ այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ լրատվամիջոցներ, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է մեղադրում «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր ու իր գլխավոր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ամերիկյան Փենսիլվանիա նահանգում: Էրդողանը պահանջում է Վաշինգտոնից արտահանձնել նրան Թուրքիա:

*

*