«Ռուսթավի 2»-ի հաղորդավարն ուղիղ եթերում հայհոյել է Պուտինին

Հայտարարությունից հետո, «Ռուսթավի 2»-ի հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
georgia-gabunia

Վրաստանում բողոքի նոր ալիք է բարձրացել: Երեկ գիշեր Թբիլիսիում հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին «Ռուսթավի 2» մասնավոր հեռուստաընկերության շենքի մոտ: Պատճառն այն է, որ «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գեորգի Գաբունիան ուղիղ եթերում, իր հեղինակային հաղորդման ժամանակ, ռուսերեն հայհոյանքներ էր հնչեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Ցուցարարները հավկիթներ են նետել հեռուստաընկերության շենքի վրա, պահանջել ներողություն խնդրել՝ մտավախություն հայտնելով, որ ռուս-վրացական հարաբերությունները կարող են էլ ավելի սրվել: Ընդդիմադիր հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ընդգծել է, որ թեեւ համամիտ է Գաբունիայի հայտարարության հետ, սակայն նշել է, որ հեռուստաալիքն անթույլատրելի է համարում նման ինքնագործունեությունը: Հայտարարությունից հետո, «Ռուսթավի 2»-ի հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հաղորդավարի այս պահվածքը քննադատել են Վրաստանի նախագահն ու վարչապետը: Մամուկա Բախտաձեն, «Թվիթերում» արած գրառմամբ, տեղի ունեցածը զազրելի սադրանք եւ երկիրն ապակայունացնելու փորձ է որակել:

*

*