Ռուսաստանի կոշտ զգուշացումը՝ Ադրբեջանին

ՌԴ ԱԳՆ. Բնականաբար, եզրակացություններ ենք անելու ստեղծված իրավիճակից։
rd-agn

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նոր, ավելի կոշտ շեշտադրումներով հայտարարություն է տարածել՝  կապված Ադրբեջան այցելող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող խտրականության հետ, ովքեր ունեն հայկական ազգանուն կամ հայ ծնողներ: Առաջին հայտարարությունը ՌԴ ԱԳՆ-ն տարածել էր հուլիսի 5-ին, որին արձագանքել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ ի պատասխան ԶԼՄ-ների կողմից ուղարկված բազմաթիվ հարցումների, ստիպված են ևս մեկ անգամ հայտարարել, որ ՌԴ քաղաքացիներն իսկապես Ադրբեջան այցելելիս ենթարկվում են խտրականության էթնիկ հողի վրա:

«Ընթացիկ տարվա սկզբից Ռուսաստանի Դաշնության 25 քաղաքացու արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Որպես կանոն, նրանք մի քանի ժամ պահվել են Բաքվի օդանավակայանում (որոշ դեպքերում առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, ընդ որում դեպքերից մեկն առնչվում է չորսամյա երեխայի հետ մի կնոջ), այնուհետև բռնի կերպով հետ են ուղարկվել իրենց իսկ հաշվին: Որպես նմանօրինակ ծաղրանքի «հիմնավորում» է ներկայացվել այն, որ մեր քաղաքացիներն ունեն հայկական ազգանուններ, անուններ կամ հայրանուններ: Սակայն եղել են նաև դեպքեր, երբ ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են՝ գտնելու «հայ նախնիներին»:

Այս ամենը խիստ վայրենի էություն ունի՝ չխոսելով այն մասին, որ տեղի է ունենում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ուղղակի խախտում՝ որը հակասում է ռուս-ադրբեջանական բարեկամության համաձայնագրի ոգուն ու տառին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ իրենք բազմիցս, այդ թվում և Բաքվում ՌԴ դեսպանության և ՌԴ արտգործնախարարության պաշտոնական նոտաների միջոցով պահանջել են դադարեցնել «այդ վրդովվեցուցիչ գործելաոճը իրականացնել քննություն և արժանի գնահատական տալ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պաշտոնատար անձանց պահվածքին»: Ռուսաստանյան կողմը նշել է, որ իրենք նման դիմումների ժամանակ հաշվի են առել այն, որ Ադրբեջանը փորձում է հանդես գալ որպես ազգային ու կրոնական հանդուրժողականության, բազմամշակութայնության օրինակ, իսկ վերջերս էլ «հայտարարել էր հայ-ադրբեջանական հասարակական երկխոսություն սկսելու մտադրության մասին»:

«Սակայն մեր ակնկալիքները չարդարացան: Միջադեպերի քննություն չի իրականացվել: Ադրբեջանի ԱԳՆ պատասխան նոտայում ասվում է, որ «անցանկալի էքսցեսները կանխելու նպատակով Ադրբեջանը ստիպված է մի շարք անձանց նկատմամբ կիրառել համապատասխան կարգավորումներ»: Մենք այս պատասխանը համարում ենք անհասկանալի և ոչ գոհացնող: Դա, ցավոք սրտի, ցույց է տալիս, որ Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները նախկինի պես կարող են կամայականության զոհ դառնալ:

Շարունակում ենք պահանջել դադարեցնել այս անընդունելի խտրական գործելաոճը, որն անհամատեղելի է երկու երկրի միջև բարեկամական հարաբերություններին: Բնականաբար, եզրակացություններ ենք անելու ստեղծված իրավիճակից»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության եզրափակիչ հատվածում:

*

*