Էրդողանը վերադարձել է Թուրքիա՝ առանց Մուհամադ Ալիի թաղմանը մասնակցելու

Բազմաթիվ հարցերում մերժում ստանալուց հետո Թուրքիայի նախագահը, ԱՄՆ կատարած այցը կիսատ թողնելով, վերադարձել է հայրենիք:
erdoghan

Բազմաթիվ հարցերում մերժում ստանալուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Միացյալ Նահանգներ կատարած այցը կիսատ թողնելով, վերադարձել է հայրենիք:

Նա Նահանգներ էր մեկնել լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու համար: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալիի հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանը ցանկացել է մահմեդականների սրբավայրերից մեկից՝ Քաաբայի տաճարից բերված ծածկոցը գցել դագաղի վրա, սակայն մերժվել է:

Բացի այդ, մերժվել է նաեւ «Ղուրան» կարդալու իր եւ Թուրքիայի Կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզի ցանկությունը:

Էրդողանը վերադարձել է Թուրքիա առանց Մուհամեդ Ալիի թաղման արարողությանը մասնակցելու: Մինչ հեռանալը, սակայն, Էրդողանի թիկնապահները հերթական անգամ, կարծես սովորություն դարձրած, հայտնվել են սկանդալային միջադեպի կենտրոնում: Երբ Էրդողանն իր հյուրանոցից դուրս է եկել եւ նստել մեքենա, նրա թիկնապահները բախվել են ԱՄՆ գաղտնի ծառայությունների աշխատակիցների հետ:

Արարողակարգի համաձայն, գաղտնի ծառայության ամերիկացի աշխատակիցը, որը Էրդողանի այցի շրջանակում պարտավոր է պահպանել նրա անվտանգությունը, կանգնել է մեքենայի դռան կողքը:

Սակայն Թուրքիայի նախագահի թիկնապահը եւս ցանկացել է նույն կետում կանգնել, ինչի հետեւանքով երկու կողմերի միջեւ բախում է առաջացել:

*

*