Ավարտվել է Լավրով, Նալբանդյան, Մամեդյարով հանդիպումը

Մոսկվայում հանդիպումը կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով:
lavrov-mamedyarov-nalbandyan

Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, այսօր կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների աշխատանքային հանդիպումը: Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ ընդգծվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում 2016 թվականի ապրիլին եւ հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Սերգեյ Լավրովին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար:

Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի շուրջ: Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց են միացել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Կայացել է մտքերի փոխանակում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:

*

*