Քոբուլեթիի հյուրանոցների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացրել

Դժգոհում են ՌԴ զբոսաշրջիկների պակասից՝ պահանջելով, որ կառավարությունն իրենց ֆինանսական աջակցություն ցույց տա
kobuleti3

Քոբուլեթի սեւծովյան առողջարանային քաղաքում (Աջարիայի ԻՀ) փոքր եւ միջին հյուրանոցների սեփականատերերն օգոստոսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ հանրապետության իշխանություններին կոչ անելով իրենց փոխհատուցել այն նյութական վնասը, որն առաջացել է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով: Այդ մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:

«Մենք օգոստոսի 20-ից պետք է վճարենք բանկային պարտքերը: Ինչպե՞ս վճարենք դրանք, երբ եկամուտ չկա, եւ զբոսաշրջիկները չեն ժամանում»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը:

Քոբուլեթիի հյուրանոցները կոչ են անում իշխանություններին միջնորդել բանկերի հետ վարկերի հետ կապված խնդիրները լուծելու համար: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Քոբուլեթիի քաղաքագլուխ Միրիան Կատամաձեն, որը հավաստիացրել է, որ իշխանություններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ եւ օգնության ուղիներ են փնտրում:

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 12-ին հայտարարել էր, որ զբոսաշրջության ոլորտը մոտավորապես 60 միլիոն դոլար վնաս է կրել ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքի անկման պատճառով։

 

*

*