«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Հայաստանի ու Ադրբեջանի հետ գաղտնի երկխոսություն է վարում»,- Panorama.am-ին ասել է կոմիտեի հայաստանյան պատվիրակության լրատվական բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը:
Նա նշեց, որ կողմերի միջև համաձայնության ձեռք բերելու պարագայում կոմիտեն պատրաստ է որպես չեզոք միջնորդ ներկա գտնվել սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմնի հանձնման գործընթացին:
«Այս պահին միայն այսքանը կարող եմ ասել, բանակցություններն ու վարվող երկխոսությունը գաղտնի են, դրանց բովանդակությունը չենք կարող հրապարակել: Այս պահին մենք պատրաստակամ սպասում ենք համաձայնության կայացմանը, որպեսզի որպես միջնորդ մեր դերը կատարենք»,-ասաց նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել հայկական կողմին՝ վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի մարմինը: 2016-ի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի, որի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան գործողություններ:
Ադրբեջանը շարքային Գուրբան Չինգիզ Սալմանին ներկայացնում է որպես անհետ կորած:
ՀՀ ՊՆ-ն մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ: