Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էվանսը հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»

Էվանսի այցը Արցախ գնահատվել է որպես «ներկայիս զգայուն պահին իրավիճակը մտադրված սրելու նպատակով արված քայլ»:
evans

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ընդլայնել «առանց Բաքվի թույլտվության» ԼՂՀ այցելող անձանց համար հատուկ մշակած տխրահռչակ «սեւ ցուցակը»:

Այս անգամ այնտեղ է հայտնվել Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը` այս քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի նախկին դեսպանն Արցախի Հանրապետություն է այցելել` չստանալով իրենց գերատեսչության «թույլտվությունը»:

Ավելին՝ Էվանսի այցը գնահատվել է որպես «ներկայիս զգայուն պահին իրավիճակը մտադրված սրելու նպատակով արված քայլ»:

Իսկ ես հիշեցնեմ, որ  Արցախում ավելի վաղ Էվանսը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։  Հայոց Ցեղասպանության մասին իր հայտարարության համար պաշտոնազրկված ամերիկացի դիվանագետի առաքելությունն այս անգամ այլ է։

Վերջինս «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Կարո Արմենի խորհրդականն է, ում հետ էլ գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը նպաստում է երեխաների հայեցի դաստիարակմանը, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերի զարգացմանը՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է կառույցի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում:

*

*