Հայտարարության մեջ նորույթը «երկրների ներքին գործերին չմիջամտելու» մասին դրույթն էր․ իրանագետ

Ստամբուլում նախօրեին կայացել է Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը:
agn-ner

Ստամբուլում նախօրեին կայացել է Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը: Իրանագետ Արմեն Իսրայելյանը գրում է, որ արցախյան հակամարտությանը մի դեպքում անդրադարձ է կատարվել նախարարների տարածած համատեղ հայտարարության մեջ, մյուս դեպքում՝ մամուլի ասուլի ժամանակ խնդրին անդրադարձել է Իրանի արտգործնախարարը:

Մոհամմադ Զարիֆը, մասնավորապես, նշել է. «Մենք մշտապես ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի եւ նորմերի հիման վրա»:

Նախարարների համատեղ հայտարարության մեջ արցախյան հակամարտությանն առնչվող դրույթն այսպես է ձեւակերպվել. «Կողմերը վերահաստատում են, որ հարգում են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները, միեւնույն ժամանակ վերահաստատում՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ երկրների ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները»:

Իրանագետ Արմեն Իսրայելյանը նշում է, որ սովորաբար համատեղ հայտարարություններում նշվում են այնպիսի ձեւակերպումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին, միեւնույն ժամանակ կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում յուրովի մեկնաբանել այնտեղ առկա դրույթները: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության վերաբերյալ ձեւակերպմանը, ապա իրանական կողմը մշտապես կարեւորել է այդ սկզբունքը՝ հաշվի առնելով երկրում անջատողական վտանգը: Համատեղ այս հայտարարության մեջ նորույթը թերեւս «երկրների ներքին գործերին չմիջամտելու» մասին դրույթն էր, որն, իրանագետի կարծիքով, ընդգրկվել է իրանական կողմի նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ու Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ առկա ռազմական սերտ համագործակցությունը:

*

*