Մահացել է Իրանի նախկին նախագահը

Նա եղել է Իրանի առաջին նախագահը, որը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
rafsanjyani

 

82 տարեկան հասակում վախճանվել է Իրանի ականավոր քաղաքական, պետական, հովեւոր գործիչ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Հաղորդվում է, որ Իրանի նախկին նախագահը մահացել է Թեհրանի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան տեղափոխել էին դեկտեմբերի 8-ին՝ սրտի կաթված ստանալուց հետեւանքով:

Ռաֆսանջանին ծնվել է 1934 թվականին: Մինչ Իսլամական հեղափոխությունը, նա հինգ անգամ ազատազրկվել է հակապետական գործունեության համար, ինչից հետո ընդգրկվել է նախարարների անցումային կաբինետում: 1989 թվականի օգոստոսին Ռաֆսանջանին ընտրվել է նախագահի պաշտոնում եւ այդ պաշտոնը զբաղեցրել երկու ժամկետ` մինչեւ 1997 թվականը:

Ավելի ուշ, նրա ընտանիքի որոշ անդամներ, մասնավորապես դուստրը, հայտնվել էին կոռուպցիոն սկանդալների կենտրոնում։ Ռաֆսանջանիի օրոք են հաստատվել հայ-իրանական կապերը: Նա եղել է Իրանի առաջին նախագահը, որը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Շուշիի ազատագրումից երկու օր առաջ, նրա հրավերով երկկողմ բանակցություններ վարելու, ինչպես նաեւ տարածաշրջանի հիմնահարցերը քննարկելու համար Թեհրան էին ժամանել Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը եւ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընթացող բանակցությունները, սակայն, վերջին պահին տապալվեցին, երբ հենց Թեհրանում ստացվեց Շուշիի ազատգրման մասին լուրը։

*

*