Իրան-Հայաստան քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների նոր փուլ է սկսվել

Իրանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է հայ երկու պատգամավոր...

Իրանագետ Ռուդիկ Յարալյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր փուլ է սկսվել։

Նրա կարծիքով, այդ նոր հարաբերությունների հաստատման հարցում նաեւ հսկայական անելիքներ ունեն ուրբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած հայ պատգամավորներ Կարեն Խանլարյանը եւ Ժորժիկ Աբրահամյանը։ Պատգամավորներն ընտրվել են որպես կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ, թեկնածուներին պաշտպանել է Դաշնակցության Իրանի կառույցը։

Հարավային ընտրատարածքում Ժորժիկ Աբրահամյանը վերջին պահին մրցակից այլեւս չի ունեցել, մյուս թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացրել, իսկ Կարեն Խանլարյանը հյուսիսային ընտրատարածքում հավաքել է ձայների 74 %-ը, իսկ 26 %-ը բաշխվել է մյուս երկու թեկնածուների միջեւ։

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի սկզբում հայ համայնքին հատկացված երկու տեղերի համար պայքարել են 9 թեկնածու, 5-ն ինքնաբացարկ ներկայացրել:

«Երկու հայ պատգամավորներին պաշտպանում էր ՀՅԴ-ն, եւ նրանց ընտրությունը շատ կարեւոր էր։ Նոր հորիզոններ են բացված Հայաստան-Իրան հարաբերություններում, քանի որ իրանական շուրջ 100 միլիարդ դոլար կապիտալի ապասառեցումից հետո երկու երկրները համգործակցելու մեծ հնարավորություններ ունեն։

Իհարկե, Իրանի տնտեսությունը փակ է եղել, սակայն այսօր այդ երկրում նոր տնտեսական քաղաքականություն է մշակվում օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար։

Ինչ վերաբերում է Հայաստանում իրանական ներդրումներին, նշեմ, որ այսօր խոսակցություններ կան դեղագործական ոլորտում համագործակցության մասին, նաեւ Սյունիքում հիվանդանոցի հիմնադրման մասին»,- ասել է Ռուդիկ Յարալյանը:

*

*