Ադրբեջանը փորձում է հետ չմնալ Իրանի հետ կապված գործընթացներից

Ադրբեջանական մամուլը փորձեց ուռճացված ներկայացնել այցը, մինչդեռ թուրք-ադրբեջանական տանդեմն իրանական կողմը միշտ էլ քաղաքական սպառնալիք է դիտարկելու։
iran-adrbejan

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ հեռախոսազրույց էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Նախագահները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր:

Իրանագետ Ռուդիկ Յարալյանը կարեւորում է այս զրույցը հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Թեհրան կատարած այցի համատեքստում։ Իրանագետի կարծիքով, ադրբեջանական մամուլը փորձեց ուռճացված ներկայացնել այցը, մինչդեռ թուրք-ադրբեջանական տանդեմն իրանական կողմը միշտ էլ քաղաքական սպառնալիք է դիտարկելու։

«Ադրբեջանը փորձում է հետ չմնալ այն գործընթացներից, որոնք կապված են Իրանի հետ։ Ադրբեջանի նախագահի այցն Իրան որեւէ նոր նախագիծ չի պարունակում, այլ վերահաստատում է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանցում կան կետեր, որոնք օրակարգ են մտել 2000- ականներին, սակայն մինչեւ այսօր իրականություն չեն դարձել: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն ավելի մեծ հնարավորություններ ունի Իրանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու առումով»,- ասաց Յարալյանը։

Եթե Ադրբեջանի նախագահն էր շտապել Թեհրան, ապա, ըստ նախնական պայմանավորվածության, առաջիկայում Երեւան է ժամանելու Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

*

*