Բորժոմիում շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ

Վրաստանը Ադրբեջանից ուղղաթիռ է խնդրել
borjomi-hrdeh

Բորժոմի անտառում պահպանվում Է հրդեհի տարածման սպառնալիքը: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին` «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

Դաբա գյուղի մերձակա անտառում հրդեհը սկսվել Է օգոստոսի 20-ին: Մինչ այժմ հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ: Իրադրությունը բարդացնում են բարդ ռելիեֆը, քամին եւ չոր եղանակը: Սկզբնապես հաղորդվել Էր հինգ հեկտար ոչնչացված տարածքի մասին, սակայն, վերջին տվյալներով, մի քանի տասնյակ հեկտար անտառ Է այրվել:

Օգոստոսի 21-ից հրդեհաշիջմանը մասնակցում Է Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, ինչպես նաեւ վրացական կողմի խնդրանքով, Ադրբեջանը եւս մեկ ուղղաթիռ Է ուղարկել Վրաստան: Դրա հետ մեկտեղ, ուշ գիշերին կայացած արտակարգ շտաբի նիստի ընթացքում, որը ղեկավարում Է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, հայտնի Է դարձել, որ հրդեհի վայր կժամանեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի եւս երկու ուղղաթիռներ:

*

*