Էրդողանը գերմանացի պաշտոնյաներին համեմատել է նացիստների հետ

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը Էրդողանի այս հայտարարությունը ստոր, անհասկանալի եւ անընդունելի է որակել:
erdoghan

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հիմա էլ գերմանացի պաշտոնյաներին համեմատել է նացիստների հետ: Ստամբուլում նախօրեին կայացած հանրահավաքի ժամանակ Էրդողանը նորից քննադատել է գերմանական իշխանություններին, քանի որ օրեր առաջ գերմանական Քյոլն եւ Գագգենաու քաղաքների իշխանությունները թուրք նախարարներին արգելել էին սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնել:

«Մենք այլեւս չենք ուզում տեսնել նացիստական աշխարհը, ֆաշիստական ռեժիմները: Մտածում էի, թե Գերմանիան վաղուց թողել է այդ ամենը: Սակայն ստացվում է, որ սխալվել եմ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը Էրդողանի այս հայտարարությունը ստոր, անհասկանալի եւ անընդունելի է որակել:

Գերմանիայում բնակվող ավելի քան 1 միլիոն թուրքեր կարող են մասնակցել Թուրքիայում ապրիլին նախանշված Սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեին, որով նախատեսվում է ավելացնել նախագահ Էրդողանի լիազորությունները:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*