Էրդողանի այցը Մեծ Բրիտանիա ուղեկցվում է բողոքի ցույցերով

Ելույթի ժամանակ Էրդողանն անդրադարձել է նաեւ Հայաստանին
erdoghan

Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռօրյա այցելությունն ուղեկցվում է բողոքի մեծ ակցիաներով: Ինչպես հաղորդում է բրիտանական Express պարբերականը, Էրդողանը մայիսի 14-ին ժամանել է Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ՝  Chatham House անվտանգության միջոցառումների խստացված պայմաններում։

Թուրքիայի նախագահի դեմ բողոքի ցույցի ժամանակ մայիսի 13-ին ոստիկանության միջամտության հետևանքով տուժել է 17-ամյա քուրդ քաղաքացի, ով մեջքի և վզի հատվածում ստացել է վնասվածքներ: Ոստիկանությունը միջամտության առնչությամբ հայտարարել էր, որ քրդամետ ցուցարարների խումբը փորձ է արել փակել Էրդողանի ավտոշարասյան ճանապարհը, ինչին ի պատասխան նրանք դիմել էին համապատասխան քայլերի ու բացել ճանապարհը:

Էրդողանը Միացյալ Թագավորություն է ժամանել մայիսի 13-ին: Այստեղ նա մի շարք հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և վարչապետ Թերեզա Մեյի, թագուհի Ելիզավետա 2-րդի հետ:

Մեծ Բրիտանիայի Լիբերալ դեմոկրատների առաջնորդ Վինս Քեյբըլը դատապարտել է Էրդողանի այցը երկիր՝ մեղադրելով Թուրքիայի ղեկավարին «լիբերալ, ժողովրդավարական արժեքների նկատմամբ անընդունելի անարգանք ցուցաբերելու մեջ»:

Chatham House կենտրոնում ելույթի ժամանակ Էրդողանն անդրադարձել է տարածաշրջանային և Թուրքիայի արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի` չմոռանալով նաև ելույթ ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների մասին:

«Մենք աջակցում ենք Կովկասի և Միջին Ասիայի կայուն խաղաղությանը, զարգացմանն ու բարգավաճմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Այս շրջանակներից բացակայող միակ պետությունը Հայաստանն է: Սպասում ենք հատկապես այն օրվան, երբ Հայաստանի կառավարությունից խելամիտ մոտեցում և սթափ դատողություն կտեսնենք»,- ասել է Թուրքիայի նախագահը:

*

*