ԵՄ-Ադրբեջան պայմանագիրն առանց բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման չի կարող ստորագրվել

Հաստատվել է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի պայմանների ցանկը
evraxorhrdaran2 (1)

Եվրախորհրդարանի հուլիսի 4-ին տեղի ունեցած լիագումար նիստում հաստատվել է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի պայմանների ցանկը, որում կարևոր տեղ է հատկացված Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հուլիսի 4-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվեց նոր ԵՄ-Ադրբեջան գործարքի պայմանների ցանկը:

Նոր գործարքը պետք է ապահովի հիմնարար ազատությունները, պայքարը կոռուպցիայի, փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ:

«ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացման պայմաններից մեկը, ԵՄ հիմնական արժեքների և իրավունքների  նկատմամբ հարգանքի ապահովումն է»,-նշված է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ:

Եվրախորհրդարանի պատգամավորները հույս են հայտնել, որ,  եթե նշված պայմանների շուրջ կողմերը արագ համաձայնության գան, նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2019թ.-ի ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթաժողովը:

Պատգամավորները պահանջել են նաև, որ համաձայնագիրն առանց եվրախորհրդարանի համաձայնության չմտնի ուժի մեջ:

ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրման կարևոր պայմաններից է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը: Առանց այդ հարցի կարգավորման ու բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման, համաձայնագիրը չի կարող ստորագրվել և մտնել ուժի մեջ:

Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համաներման վերաբերյալ հրամանագիրը չի լուծել քաղբանտարկյալների հարցը:

Համաներումը տարածվել էր 634 անձի վրա, որոնցից ազատ է արձակվել 607-ը: Համաներվածների մեջ քաղբանտարկյալներն ընդամենը 12-ն են:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով քաղաքացիական աշխատանքային խմբի տվյալների համաձայն,  այդ երկրում կա 142 քաղբանտարկյալ, իսկ ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի՝ 161: 

Ներկայումս ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվում են 1999 թվականին ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագրով: Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են 2017թ. փետրվարին:

*

*