ԵԽԽՎ-ին կոչ է արվել հետաքննել Ադրբեջանի կաշառակերության մասին մեղադրանքները

ԵԽԽՎ-ի հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմցիգտը սկսել է մի նախաձեռնություն, որի նպատակն է...
exxv-lxh-haytararutyun

Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմցիգտը սկսել է մի նախաձեռնություն, որի նպատակն է մանրամասն և անաչառորեն ուսումնասիրել ԵԽԽՎ-ում վերջին շրջանում գրանցված պնդումները խախտումների կամ կոռուպցիայի վերաբերյալ: ԵԽԽՎ պատգամավորի ներկայացրած առաջարկը մասնավորապես վերաբերում է 2013 թվականին Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով ԵԽԽՎ-ում իրականացված քվեարկության շուրջ առաջացած քննարկումներին: Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը:

«Մենք տեսնում ենք Ադրբեջանի շուրջ գործընթացների և քվեարկության շատ կասկածելի արդյունքներ»,- ասել է Օմցիգտը, ով ներկայացրած բանաձևով կոչ է անում անհապաղ հետաքննություն սկսել` համաձայն ԵԽԽՎ կանոնադրության:

Երբ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն Բաքվից վերցրած գումարների դիմաց ադրբեջանամետ գործունեություն է ծավալում կառույցում, ԵԽԽՎ շատ խորհրդարանականներ սկսեցին պնդել, որ այս հարցի առնչությամբ անկախ հետաքննության բացակայությունը կկոտրի վստահությունը կառույցի նկատմամբ:

«Վստահելի չէ, երբ դու մյուս երկրներին կոչ ես անում լինել բաց և թափանցիկ, մինչդեռ ինքդ չես հետաքննում քվեների կեղծման մասին արժանահավատ տեղեկությունները»,- նշել է Օմցիգտը:

Նրա ներկայացրած բանաձևը ստորագրել է ԵԽԽՎ 324 խորհրդարանականների 1/5-ը:

Եվրոպական կայունություն նախաձեռնության (European Stability Initiative) ղեկավար Ջերալդ Կնաուսը նշել է, որ դեռ տարիներ առաջ էր հարցեր առաջացնում ԵԽԽՎ զեկուցողների կողմից ներկայացվել Ադրբեջանի վարդագույն կերպարը:

«2010, 2013 և 2015 թվականներին մենք Եվրոպայի խորհրդից ընտրությունների դիտորդներ ունեինք Ադրբեջանում: Ամեն անգամ այդ ընտրված խորհրդարանականները գալիս էին ու ասում, որ արևը շողում է, մինչդեռ մյուս բոլորն ասում էին, որ անձրևում է: Ամեն անգամ նրանք հայտարարում էին, որ ընտրություններն ազատ էին ու արդար, մինչ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները մատնանշում էին լուրջ խնդիրներ»,- նշում է Կնաուսը: Նա փաստում է, որ ԵԽԽՎ առաջնորդները մշտապես զարմանալի անտարբերություն են ցուցաբերել այս խնդիրների նկատմամբ` ընդգծելով, որ եթե Եվրոպան ձախողի սկզբունքները պաշտպանելու հարցում, ապա ինչ հույս պետք է լինի, որ դրանք կպաշտպանվեն աշխարհի որևէ այլ վայրում:

ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը, ով սկզբնական շրջանում դիմադրում էր անկախ հետաքննությանը, դա անվանելով «քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու արշավ, ի վերջո համաձայնել է և արտահայտվել հետաքննության օգտին` տասնյակ երկրներից, այդ թվում և Շվեյցարիայից, Բելգիայից, Բալթյան և հյուսիսային երկրներից ստացած բողոքներից հետո:

Կնաուսը հայտնել է, որ ներկայում հիմնական հարցը վերաբերում է հետաքննության շրջանակին, որը ներկայացվելու է Ագրամունտին մարտի սկզբին:

*

*