Թուրքիայում մեկնարկել է «Ջումհուրիյեթ»-ի աշխատակիցների գործով դատավարությունը

Կասկածյալներից երկուսին, այդ թվում՝ թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին, դատում են հեռակա կարգով...
dataran

Ստամբուլում այսօր մեկնարկել է թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի 19 աշխատակցի՝ խմբագիրների, լրագրողների դատավարությունը: Նրանց մեղադրում են ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու համար: Դատախազները կասկածյալների համար պահանջում են յոթ ու կեսից 43 տարվա ազատազրկում:

Կասկածյալներից երկուսին, այդ թվում՝ թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին, դատում են հեռակա կարգով, քանի որ նրանց հաջողվել է հեռանալ Թուրքիայից: Դատվարության ընթացքում դատարանի շենքի մոտ հավաքված «Ջումհուրիյեթի» լրագրողների աջակիցները, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, պարզել էին «Լրագրությունը հանցանք չէ» գրությամբ պաստառ:

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը կոչ է արել Թուրքիային ազատ արձակել ձերբակալված լրագրողներին եւ ապահովել երկրում մամուլի ազատությունը:

«Ջումհուրիյեթ»-ի խմբագրակազմի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջեւ լարվածություն է առաջացել, երբ թերթի՝ 2015 թվականի մայիսի հրապարակումների շարքը բացահայտել էր, որ Թուրքիայից, մարդասիրական օգնության անվան տակ, Սիրիայի իսլամիստական խմբավորումներին զենք ու զինամթերք է մատակարարվում:

*

*