Դանիան հետաձգել է Թուրքիայի վարչապետի այցն իր երկիր

Ռասմուսենը հայտարարել է, որ Յըլդըրըմին առաջարկել է հետաձգել այցը Դանիա...
rasmusen

Դանիայի վարչապետ Լարս Լյոքե Ռասմուսենը հետաձգել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը երկիր: «Ռոյթերս»-ը հայտնում է, Ռասմուսենը հայտարարել է, որ Յըլդըրըմին առաջարկել է հետաձգել այցը Դանիա` հաշվի առնելով մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից էլ Գերմանիայի և Նիդերլանդերի միջև հարաբերություններում առկա լարվածությունը:

«Նորմալ պայմաններում հաճելի կլիներ ընդունել Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմին: Այդուհանդերձ, հաշվի առնելով թուրքական կողմի հարձակումները Նիդերլանդների վրա, այս հանդիպումը չի կարող դրանից առանձին դիտարկվել: Հետևաբար ես առաջարկել եմ իմ թուրք գործընկերոջը հետաձգել մեր հանդիպումը»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

Նիդերլանդները մարտի 11-ին հետ է կանչել թույլտվությունը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի համար: Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»: Այս որոշումից հետո Թուրքիայի ԱԳՆ- էր կանչվել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Նախքան որոշման հրապարակումը` նույն օր Չավուշօղլուն սպառնացել էր Նիդերլանդներին` ասելով, որ եթե իր թռիչքի թույլտվությունը չեղարկվի, իրենց կդիմեն պատժամիջոցների կիրառմանը: Նա երկրի կառավարության գործելաոճը «ֆաշիստական մոտեցում» էր որակել: Արտգործնախարարն ընդգծել էր, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում թուրք գործիչների ելույթները Գերմանիայում և Նիդերլանդներում արգելելով Եվրոպան «բռնում է «ոչ»-ի կողմը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:

*

*