Բեյրութում ցուցարարներն արգելափակել են հիմնական ճանապարհները

...քաղաքական ուժերի հետ քննարկվել է արտակարգ տնտեսական միջոցառումների ծրագիրը
beyrut-cuycer1

Ցուցարարները հոկտեմբերի 21-ին արգելափակել են Լիբանանի հյուսիսից Բեյրութ ձգվող հիմնական մայրուղին, անվադողերով ու աղբամաններով բարիկադավորել են մի շարք հիմնական ճանապարհներ երկրի մայրաքաղաքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ամբողջ երկրում ընդհանուր գործադուլ Է անցկացվում: Փակ են բոլոր բանկերը, պետական հիմնարկությունները, դպրոցները, համալսարաններն ու խոշոր խանութները:

Հոկտեմբերի 16-ին Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել: Հաջորդ օրվա երեկոյան Բեյրութ են մտցվել բանակի լրացուցիչ ուժեր:

Բողոքները կապված են հարկերի ավելացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշման հետ:

Լիբանանի վարչապետ Հարիրին կառավարությանը 72 ժամ է տվել ճգնաժամից դուրս գալու ծրագիր առաջարկելու համար:

Հոկտեմբերի 19-ին «Լիբանանյան ուժեր» քրիստոնեական կուսակցության մեջ մտնող փոխվարչապետը եւ երեք նախարար հրաժարական են տվել:

Լիբանանի վարչապետը հոկտեմբերի 20-ին երկրի քաղաքական ուժերի հետ քննարկել Է արտակարգ տնտեսական միջոցառումների ծրագիրը, այդ թվում՝ ներկայիս ու նախկին նախարարների ու պատգամավորների աշխատավարձերի 50 տոկոսով նվազեցումը՝ նպատակ ունենալով հասնել բողոքի զանգվածային հակակառավարական ակցիաների դադարեցմանը: Այլ միջոցառումների թվում, որոնք Լիբանանի քաղաքական գործիչները քննարկում են պետական ծախսերի կրճատման համար, մի շարք նախարարությունների ու պետական հանձնաժողովների, մասնավորապես, տեղեկատվության նախարարության լուծարումն է:

Ծրագիրը նաեւ ներառում է «ավելացված արժեքի հարկի բարձրացման բոլոր տեսակների, կապի ծառայության եւ հանրային ծառայությունների հարկերի չեղարկումը, բանկային գաղտնիքի չեղարկումը պատգամավորների, նախարարների ու պետական պաշտոնյաների նկատմամբ, հեռահաղորդակցական սեկտորի մասնավորեցումը եւ հափշտակված միջոցների վերադարձման մասին օրենքի ընդունումը»:

*

*