Բան Գի Մունի տարածաշրջանային այցը չեղյալ է հայտարարվել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծրագրում էր ապրիլի 25-ին առաջին անգամ այցելել Հայաստան:
ban-gi-mun-hayastan-ayc-chegharkel

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ ապրիլի վերջին Հարավային Կովկասի երկրներ նախատեսված այցը չեղյալ է հայտարարվել:

Այս մասին «Մեդիամաքսին» հայտնել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի ստացված տեղեկությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծրագրում էր ապրիլի 25-ին առաջին անգամ այցելել Հայաստան: Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսվում էր նաեւ Բան Կի Մունի այցը Թբիլիսի եւ Բաքու:

«Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, գլխավոր քարտուղարը շատ էր ցանկանում այցելել տարածաշրջան, սակայն հրատապ հարցերով պայմանավորված՝ այդ օրերին պետք է գտնվի այլ վայրում: Ուստի Հարավային Կովկաս այցի ժամկետները կվերանայվեն»,- «Մեդիամաքսին» ասել է Արմինե Հալաջյանը:

Այցի չեղարկումը նշանակում է, որ Բան Կի Մունը չի մասնակցի նաեւ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին:

Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ դեռ երեկ՝ ապրիլի 20-ին, հայտարարել էր, որ բոյկոտելու է ֆորումը եւ չի միանում ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին, ուստի հռչակագիրը չի կարող ընդունվել:

*

*