Աթեշյանը չի հրաժարվի փոխանորդի պաշտոնից. նա հրաժարվել է «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահությունից

Խոսելով տեղապահի ընտրության գործընթացին Ստամբուլի նահանգապետարանի միջամտելու մասին` Աթեշյանն ասել է...
Aram-Ateshyan

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից: Այս մասին Աթեշյանն ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:

Մեկնաբանելով հրաժարականի մասին որոշումը` Աթեշյանն ասել է. «Ես հիմնել եմ այս հիմնադրամը հոգևորականներին օգնելու նպատակով: Սակայն շատ բամբասանքներ կան, այդ պատճառով հրաժարական եմ տալիս»:

Խոսելով տեղապահի ընտրության գործընթացին Ստամբուլի նահանգապետարանի միջամտելու մասին`  Աթեշյանն ասել է. «Այս հարցով պատրիարքարանը որևէ մեկնաբանություն չի անելու»: Նա ընդգծել է, որ գրավոր դիմում է ներկայացրել նահանգապետարան` հանդիպում կազմակերպելու խնդրանքով:

Ի պատասխան ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հայտարարությունների, համաձայն որոնց` «փոխանորդի պաշտոնից Աթեշյանի հրաժարականից հետո խնդիրը կլուծվի», Աթեշյանը հայտարարել է. «Չեմ մտածում հրաժարական տալ»:

Պոլսո Հայոց պատրիարքարանը 2015 թվականի հունվարին հիմնել էր հիմնադրամ, որն անվանվել է «Հովակիմ 1461»: Անվանումը կապված է Պոլսո Հայոց պատրիարքարանում առաջին հայ պատրիարքի` Հովակիմ Պրուսացու, և նրա նշանակման տարեթվի` 1461 թվականի հետ:

Որոշումը կայացրել էր Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի գլխավորած տասը հոգուց բաղկացած հոգևոր խորհուրդը: Հիմնադրման մասին փաստաթղթում նշվում էր, որ կառույցն իրավասու է լինելու կազմակերպել կոնֆերանսներ, սեմինարներ և այլ կրթական ծրագրեր, համաձայն պատրիարքարանի պահանջների հրատարակել գրքեր, ամսագրեր և թռուցիկներ, հայթայթել փաստաթղթեր, տեղեկություններ: Այն կարող էր համագործակցել այլ հիմնադրամների հետ ևս: 

*

*