Անկարան պաշտոնական ներողություն է պահանջում Նիդերլանդներից

Էրդողանը գերմանացի ու հոլանդացի քաղաքական գործիչներին նացիստների հետ համեմատելուց հետո, Արեւմուտքին է մեղադրել նացիզմի, համար...
ankara-niderlands

 

Թուրքիան շարունակում է զրպարտել եվրոպական երկրներին, որոնք թույլ չեն տալիս իրենց տարածքում թուրքական քարոզչություն հնչի: Թուրքիայում ապրիլին սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվե տեղի կունենա, որով պետք է ավելացվեն նախագահի լիազորությունները, վերջինն էլ ցանկանում է կորզել եվրոպաբնակ թուրք քաղաքացիների ձայները: Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ Գերմանիան, Ավստրիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, արգելում են թուրք նախարարների քարոզարշավները:

Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, գերմանացի ու հոլանդացի քաղաքական գործիչներին նացիստների հետ համեմատելուց հետո, հիմա էլ ողջ Արեւմուտքին է մեղադրել նացիզմի, իսլամաֆոբիայի համար: Իսկ մասնավորապես Նիդերլանդներին Էրդողանը նաեւ «բանանային հանրապետություն» է անվանել, պահանջել միջազգային կազմակերպություններից պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ, խոստացել եւ անձամբ պատասխան միջոցառումներ ձեռնարկել:

Մարտի 11-ին Նիդերլանդները վայրէջքի թույլտվություն չէր տվել Թուրքիայի արտգործնախարարի ինքնաթիռին, ապա նաեւ ցամաքային տրանսպորտով Նիդերլանդներ հասած ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության նախարարին, անցանկալի օտարերկրացի հայտարարելով, արգելել էր միանալ Ռոտերդամում՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության մոտակայքում հավաքված թուրք ցուցարարներին: Ի դեպ, նրանց ցրելու համար ոստիկանները ջրցան մեքենա են կիրառել:

Անկարան այժմ պաշտոնական ներողություն է պահանջում Նիդերլանդներից: Իսկ Ֆրանսիայում ելույթ ունեցած արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այս ամենից հետո Նիդերլանդների ներողությունն էլ բավական չի լինի հարաբերությունները կարգավորելու համար, սակայն այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն, բարկացած Էրդողանի համեմատություններից, ասել է, որ ներողություն խնդրելու մասին խոսք գնալ չի կարող, հակառակը՝ Էրդողանը պետք է ներողություն խնդրի՝ հոլանդացիներին նացիստների հետ համեմատելու համար:

*

*