Անկարան պատասխանել է Հունաստանի նախագահի ուղերձին

Պրոկոպիոս Պավլոպուլոսը կոչ էր արել Թուրքիային հաշտվել պատմության հետ
turqia-agn

Անկարան պատասխանել է Հունաստանի նախագահի ուղերձին, որը նա հղել էր Երեւանից՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Պրոկոպիոս Պավլոպուլոսը կոչ էր արել Թուրքիային հաշտվել պատմության հետ եւ պատասխան տալ անցյալի իր արածների համար: Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն ասել է, թե Հունաստանը Օսմանյան կայսրության ժամանակ եւ հետագայում անկախանալուց հետո պարբերաբար ոչնչացրել է տարածաշրջանի թուրքերին ու մահմեդականներին, ու Թուրքիան չի մոռացել Հունաստանի այդ վայրագությունները:

«Բարեկամությանը եւ բարիդրացիությանը նախապատվություն տալը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարեկեցության խթանման միակ ճանապարհն է»,- հայտարարել է խոսնակը: Նրա բնորոշմամբ՝ Աթենքը շարունակում է Թուրքիայի դեմ թշնամական շրջանակների կողմը պահել ու պաշտպանել նրանց անհիմն դիրքորոշումը եւ պնդումները: Հայերի, ասորիների, հույների Ցեղասպանությունն իրականացրած երկրի արտգործնախարարության խոսնակը պնդում է, թե Անկարան պատմությունից ավելի շատ խաղաղության եւ եղբայրության դասեր է քաղում, քան թշնամանքի:

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*