ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում — Երկիր Մեդիա

ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

«...եթե հիմա հայկական օրինագիծը օրակարգ բերվի, ոչ ոք չի կարողանա կասեցնել»
amn-kongres

Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածություն է առաջացրել, տեղեկացնում է ermenihaber-ը։ Թուրքական «Hürriyet» թերթի Վաշինգտոնի թղթակից Ջանսու Չամլըբելի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արդարադատության նախարարը, որոշ քաղաքական գործիչներ, դատավորներ ու դատախազներ կարող են հայտնվել այդ պատժամիջոցների թիրախում։

Չամլըբելի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը գիտակցում է, որ մինչև որոշակի քայլ չանի, Թուրքիան չի դադարեցնի Աֆրինի գործողությունը։ Բայց, մյուս կողմից, ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ կորցնել YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր») խմբավորման հետ համագործակցությունը, որը Սիրիայում պատերազմ «ապահովող» գլխավոր ուժն է։ «Այդ պատճառով առայժմ ԱՄՆ-ը միայն փորձում է կանխել Սիրիայում թուրքական և ամերիկյան ուժերի հնարավոր բախումը», -գրում է թերթը։

Պենտագոնում և ԱՄՆ պետքարտուղարությունում համոզված են, որ թուրքական ուժերն Աֆրինում կմնան առնվազն մինչև ամառ, երբ լրանում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի երկրորդ տարին։ «ԱՄՆ կոնգրեսը այս պահին իր պատմության մեջ ամենահակաթուրքական փուլն է վերապրում։ Այն փոքրաթիվ քաղաքական գործիչները, ովքեր դեռ որոշ չափով թուրքամետ են, իրավիճակն այսպես են նկարագրում․ «Թուրքիայի նկատմամբ ալերգիան այնքան բարձր մակարդակի է հասել, որ եթե հիմա հայկական օրինագիծը օրակարգ բերվի, ոչ ոք չի կարողանա կասեցնել, ձայների մեծամասնությամբ կընդունվի»,-գրում է Չամլըբելին։

*

*