Ալիեւան պաշտոնն ամուսնուց նվեր է ստացել ամուսնության տարեդարձի առթիվ

«Վաշինգտոն փոստն» է անդրադարձել նախորդ շաբաթվա այս իրադրաձությանը։
mehreban-aliev

Ամերիկյան հեղինակավոր «Վաշինգտոն փոստն» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կնոջը՝ Մեհրիբան Ալիևային փոխնախագահի պաշտոնում նշանակումը համարում է նվեր ամուսնության տարեդարձի կապակցությամբ: Հոդվածի հեղինակ Ամանդա Էրիկսոնը նկատել է, որ երբ Ալիևը լքի նախագահի պաշտոնը, նրա փոխարեն նախագահ կդառնա նախորդ աշնանը տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում փոխնախագահ նշանակված 52-ամյա Մեհրիբան Ալիևան:

«Շատ հնարավոր է, որ Մեհրիբան Ալիևան սկսի վերահսկել նաև նախարարների կաբինետը»,- գրում է Էրիկսոնը:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից դարձել է 7 տարի: 2009-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում էլ հանվել էր նախագահի թեկնածություն դնելու և ընտրվելու թվաքանակի սահմանափակումը: Ադրբեջանում վերջին սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանվել է նաև նախագահի թեկնածուների համար սահմանված տարիքային սահմանափակումը:

Այս ամենը վառ ապացույց է, որ Ալիևն արագ տեմպերով ճանապարհ է հարթում իր 19-ամյա որդու համար, և Մեհրիբան Ալիևան նախագահի պաշտոնի հորից որդուն փոխանցելու ճանապարհին ամենավստահելի խողովակն է հանդիսանում:

Մեհրիբան Ալիևան ստացել է բժշկական կրթություն, սակայն մշտապես հետաքրքրված է եղել քաղաքականությամբ: Նա, Ադրբեջանի իշխող կուսակցության ղեկավար մարմնի անդամ լինելուց բացի, Ադրբեջանի Օլիմպիական նախաձեռնության, Հեյդար Ալիևի անվան բարեգործական հիմնադրամի և մի շարք այլ ծրագրերի ղեկավար է:

Ալիևան ծնվել է Ադրբեջանում հայտնի և ամենահարուստ Փաշաևների ընտանիքում:

Փաշաևների ընտանիքին են պատկանում Ադրբեջանական մի շարք բանկեր, բազմաթիվ ապահովագրական, շինարարական, տուրիստական կազմակերպություններ, ինչպես նաև «Բենթլի» ընկերության ադրբեջանական մասնաճյուղը:

Փաշաևների ընտանիքի մի շարք անդամներ էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում Ադրբեջանի կառավարությունում:

«Ամերիկյան դիվանագիտական շրջանակներից արտահոսած, որոշ տեղեկությունների համաձայն` Մեհրիբան Ալիևան կոսմետիկ վիրահատություններից և նորաձևությունից այն կողմ ոչնչի չի տիրապետում և քաղաքական հարցերից շատ քիչ է տեղեկացված»,-նշում է հոդվածագիրը:

Ադրբեջանի ընդդիմության առաջնորդները գտնում են, որ Ալիևայի նշանակումը պայմանավորված չէ Մեհրիբան Ալիևայի մտավոր կարողություններով, այլ պայմանավորված է երկրի Էներգետիկ ռեսուրսների հաշվին հարստացող Ալիևների ընտանիքի նյութական կարողություններով:

Ալիևների ընտանիքը ցանկանում է երկրի ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում:

«Ալիևայի նշանակումը անարգանք է Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, և սա քայլ է դեպի Ալիևների բացարձակ միապետություն»,- նշել է ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին:

Ալիևների ընտանիքը, արդեն ավելի քան 30 տարի է՝ իշխում է Ադրբեջանում, ինչը բավականին երկար ժամանակ է իշխանության մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացված լինելու, պետության և երկրի տարածքում արդյունահանվող Էներգակիրներից ստացված եկամուտները հափշտակելու համար:

Ադրբեջանական բանկերից 8-ը, երկրի հեռահաղորդակցության, նավթի և գազի արդյունաբերության, շինարարական ոլորտի խոշոր ընկերությունների մեծ մասը պատկանում են Ալիևների ընտանիքին:

Ալիևների ընտանիքի նյութական միջոցների մեծ մասը թաքնված է օֆշորային հաշիվներում:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի 2013-ին հրապարակած հաշվետվությունն օֆշորային սկանդալ բարձրացրեց Իլհամ Ալիևի անվան շուրջ:Ալիևյան իշխանության վարած ճնշողական, խոսքի ազատության սահմանափակման, արդար անկախ ընտրությունների սահմանափակման քաղաքականության արդյունքում Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենանազատ երկրներից մեկը: Ադրբեջանում զանգվածայնորեն ձերբակալվում են իշխանություններին քննադատող և հակառակ տեսակետ ունեցող ակտիվիստները: Միայն 10-ից ավելի ընդդիմադիր ակտիվիստ և լրագրող է ձերբակալվել այս ամիս: Ավելի քան 30 ակտիվիստ էլ ենթարկվել է վարչական կալանքի: Այսպիսով, Ալիևների ընտանիքը ամեն միջոց օգտագործում է բացարձակ միապետական իշխանություն հաստատելու համար:

*

*