Վրաստանում 37 մարդ է ձերբակալվել

Նրանք մեղադրվում են խուլիգանության եւ իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու համար:
vrastan

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 37 մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են խուլիգանության եւ իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու համար:

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսթավելի պողոտայում 4 ցուցարար եւ 2 ոստիկան է վիրավորվել:

Հիշեցնեմ, որ նախօրեին Վրաստանի խորհրդարանի բոլոր մուտքերը փակած ցուցարարներին ցրելու նպատակով Վրաստանի հատուկ ուժերը ջրցան մեքենաներ ու մահակներ էին կիրառել: Նշենք նաեւ, որ մեր հարեւան երկրում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերի պատճառը խորհրդարանում ընտրական բարեփոխումների տապալումն է: Խառը ընտրակարգը համամասնականով փոխարինելու խոստումն այս ամռանը Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի մասնակիցներին տվել էր հենց «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:

Ցուցարարները պնդում են, թե նա դրժել է իր խոստումը: Այժմ ավելի քան 20 քաղաքական ուժերից կազմված ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը: Ընդդիմությունը ժամանակավոր կառավարության ձեւավորումից բացի ուզում է, որ երկրում արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ անցկացվեն ու ու փոխվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը:

Վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում եւ համաձայն չէ բանավեճեր անցկացնել խորհրդարանում: Այսօր ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ նոր հանրահավաք է նախատեսված։

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*