Ադրբեջանը երկարաձգել է «դարի» նավթային պայմանագիրը՝ նավթի նվազող գների պայմաններում

Նոր համաձայնագրով՝ SOCAR-ի մասնաբաժինը 11-ից դառնում է 25 տոկոս:
navt

Ադրբեջանը եւ Նավթային ընկերությունների միջազգային կոնսորցիումը սեպտեմբերի 14-ին պայմանավորվել են երկարաձգել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող երեք ՝ «Ազերի», «Չիրագ» եւ «Գյունեշլի» նավթահանքերի համատեղ շահագործման համաձայնագիրը՝ երկարաձգելով այն մինչև 2050 թվականը: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:

Նախագծի օպերատորը բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում»-ն է (BP): Նոր համաձայնագրով՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մասնաբաժինը 11-ից դառնում է 25 տոկոս: Մոտակա 32 տարում ներդրումների ծավալը պետք է կազմի ավելի քան 40 միլիարդ դոլար:

Պայմանագրի երկարաձգումը մեծ խանդավառություն է առաջացրել Ադրբեջանում. նախագահ Ալիեւը «Բարեկամության» շքանշանով է պարգեւատրել BP գլխավոր տնօրեն Ռոբերտ Դադլիին:

Այս պայմանագիրը դեռ պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, ինչպես եւ նախորդ տարբերակը, որը կնքվել է 1994 թվականին:

Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ Ալիեւը հայտարարեց, որ 32 տարվա շահագործումից հետո Կասպից ծովում մնում է եւս 500 մլն տոննա նավթի պաշար: Այնուամենայնիվ, 2010 թվականից սկսած, երբ նավթի արդյունահանումը հասել էր գագաթնակետին (տարեկան 51 մլն տոննա), այն սկսեց նվազել՝ հասնելով այժմյան 40 մլն տոննայի: Դա համընկավ նավթի համաշխարհային գների անկման հետ, ինչը բացասական ազդեցություն ունեցավ ադրբեջանական տնտեսության վրա: Ադրբեջանական մանաթը երկու անգամ արժեզրկվեց՝ կորցնելով իր արժեքի ավելի քան կեսը:

Երկրի տնտեսության վրա իր բացասական ազդեցությունն է թողնում նաեւ կոռուպցիան: Transparency International-ի տվյալներով՝ 2016 թվականին Ադրբեջանը զբաղեցրել է կոռուպցիոն ցանկի 53-րդ տեղը: Եվ այս ամենը՝ երկրում մարդու իրավունքների խախտումների մասին բազմաթիվ հայտարարությունների ֆոնին. երկրի ղեկավարությունը մեղադրվում է ապօրինի ձերբակալությունների, մարդկանց առեւանգման եւ կտտանքների ենթարկելու մեջ:

Հավելենք նաեւ, որ կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննության միջազգային ծրագրի վերջին զեկույցը պնդում է, որ ադրբեջանական իշխանությունները 2012-14 թթ-ին գրեթե 3 մլրդ դոլար են ծախսել եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու, թանկարժեք իրեր ձեռք բերելու եւ փողերի լվացման համար:

Հեղինակ՝

Լիլիթ Գյուլումյան

*

*