Ադրբեջանում շարունակվում են արտադատարանական մահապատիժները

Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է նաեւ երկրում «լրտեսների նոր ցանցի» անդամներ հայտնաբերելու եւ ձերբակալելու մասին:
mahapatij

Ադրբեջանում «Լրտեսների գործի բացահայտումից» երկու ամիս անց էլ շարունակվում են քաղաքացիների եւ զինվորականների արտադատարանական մահապատիժները:  Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվական կայքը հայտնել է եւս երկու սպանվածի մասին՝ մեկի ինքնությունը պարզված չէ,  իսկ մյուսը, ինչպես հայտնում է «Ռազմինֆո» կայքը, զինվորական, Ադրբեջանի Ուջարի շրջանի Շահլըգ գյուղի բնակիչ Միրզեգուլիեւ Ռաշիդ Գուլու օղլին է: Զինծառայողի հայրը գաղտնի բացել է գերեզմանը եւ տեսել, որ որդու դին կտտանքների է ենթարկված:

Meydan.tv-ն ավելի վաղ հայտնել էր նաեւ լրտեսության մեջ մեղադրվող նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Միրզելիեւ Էլչին Գուլու օղլուի մահվան մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Ադրբեջանի ուժային եւ իրավապահպան գերատեսչությունները հայտարարել էին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով  զինվորականների եւ քաղաքացիական անձանց ձերբակալման մասին, ոչ պաշտոնական տվյալներով՝ 9 էին,  որոնցից 8-ը մահացել են անհայտ հանգամանքներում, իսկ մեկի ճակատագիրը դեռեւս անհայտ է:

Այսօր Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է նաեւ երկրում «լրտեսների նոր ցանցի» անդամներ  հայտնաբերելու եւ ձերբակալելու մասին: Այս անգամ արդեն 6 հոգու անուն է հրապարակվել:

*

*