Եվրահանձնաժողովի նախագահ. «Միայն մեկ բան կարող եմ ասել Ադրբեջանին. դադարե´ք կրակել»

Ադրբեջանի պաշտպանությամբ Եվրախորհրդում դարձյալ հանդես է եկել Թուրքիան՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի տեսքով:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը շարունակում է աշխատանքը: Օրակարգում Լեռնային Ղարաբաղի քառօրյա պատերազմին անդրադարձող հարց չկա, բայց, ինչպես ենթադրվում էր, հայ եւ ադրբեջանցի պատգամավորները խնդրին անդրադառնալու հնարավորությունները բաց չեն թողել:

Ղարաբաղյան հակամարտության մասին խոսվել է Եվրահանձնաժողովի նախագահի հարցուպատասխանի ժամանակ, ազատ բանավեճերի ընթացքում եւ, իհարկե, այդ մասին խոսել է Թուրքիայի վարչապետը:

«Դադարեք կրակել», այս կոչն այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ուղղել է ադրբեջանցի Գանիրա Փաշաեւային: Փաշաեւան, արդեն 2 օր, Ստրասբուրգում բաց չի թողնում ոչ մի բարձրաստիճան եվրապաշտոնյայի. խնդրում է օգնել, միջամտել, որ ազատագրեն Ադրբեջանի՝ նրա խոսքով՝ «գրավյալ տարածքները»: Երեկ նա դիմեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին, այսօր՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին: Յունկերի պատասխանը կարճ էր.

«Ես միայն մեկ բան կարող եմ ասել Ադրբեջանին. դադարե´ք կրակել, դադարեցրե´ք կռիվը»:

Յունկերի հարցուպատասխանին Վեհաժողովի դահլիճում հաջորդեցին ազատ դեբատները. 3-ական րոպե՝ աշխարհաքաղաքական մտահոգությունները բարձրաձայնելու համար: Ֆրանսիացիներ Ռենե Ռուքեն ու Ֆրանսուա Ռոշբլուանը մտահոգված են ղարաբաղյան խնդրով:

«Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, հարձակվել Ղարաբաղի վրա, կան բազմաթիվ զոհեր, վիրավորներ»,- հայտարարեց Ռոշբլուանը:

Եվ այս ամենի անունն Ադրբեջանը դրել է տարածքային ամբողջականություն: Այս ամենն Ալիեւն սկսեց սեփական ժողովրդի ուշադրությունը իր օֆշորային գործարքներից շեղելու համար: Խաղաղության վերականգնումը ջանքեր է պահանջում միջազգային հանրությունից, Մինսկի խումը պետք է անի ամեն ինչ՝ բանակցությունները վերսկսելու համար:

Ֆրանսիացի պատվիրակների կարծիքով՝ բանակցությունների նոր փուլում Մինսկի խումբը պետք է բաց լինի նաեւ Ղարաբաղի համար։

«Ղարաբաղի իշխանությունն է, որ պետք է ներկայացնի Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը»,-եզրափակեց Ռոշբլուանը:

Հայ պատվիրակներից ազատ դեբատների ձեւաչափով ելույթ ունեցան Սամվել Ֆարմանյանն ու Լեւոն Զուրաբյանը: Ֆարմանյանը խոսեց ադրբեջանցիների վայրագությունների մասին, ասաց՝ 12-ամյա երեխա է սպանվել, ծերեր են խոշտանգվել:

Զուրաբյանն անդրադարձավ հակամարտության պատմությանն՝ ընդգծելով, որ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը, որը ձգտում է խնդիրը լուծել ռազմական եղանակով:

Ադրբեջանի պաշտպանությամբ Եվրախորհրդում դարձյալ հանդես է եկել Թուրքիան՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի տեսքով: Իր ծավալուն ելույթում ղարաբաղյան կոնֆլիկտից նա խոսել է քիչ՝ ծանոթ բառապաշարով։

«Հայաստանն է խախտել հրադադարի ռեժիմն ու ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանում: Այսօրվա ստատուս քվոն չի կարող պահպանվել: Շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծեն Ադրբեջանի տարածքների օկուպացիայի հարցը»:

«Կինս գինեկոլոգ է, Թուրքիան՝ սիրիացի ներգաղթյալների հայրենիքը, իսկ քրդերն այստեղ ապրում են ազատ թուրքերի պես». սրանք էին թուրք վարչապետի հիմնական մեսիջները:

Մարդու իրավունքների ոտնահարման, ազգային փոքրամասնությունների ճնշումների մասին Դավութօղլուին հիշեցրել է շվեդ պատգամավորը. հարցրել՝ ինչպե՞ս եք այս ամենով հանդերձ ձգտում դեպի Եվրոմիություն:

«Դուք Թուրքիան չեք ճանաչու»,- վստահեցրել է Դավութօղլուն:

Մեկ Մեկնաբանություն
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Եվրահանձնաժողովի նախագահ. «Միայն մեկ բան կարող եմ ասել Ադրբեջանին. դադարե´ք կրակել»
    19 апреля 2016 at 21:01

    […] yerkirmedia.am-ը գրում է. […]

  • *

    *