Դավիթ Բաբայան․ Ադրբեջանցի ահաբեկիչների թեման վաղուց փակված է

«Չի բացառվում, որ Ադրբեջանը նրանց արդարացնելու համար դիմի նաև այլ քայլերի»։
adrbejanci-ahabekichener

Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին  ազատելու մասին Վարշավայում մեկնարկած ԵԱՀԿ խորհրդաժողովում ներկայացված ադրբեջանական պահանջներն ադրբեջանական հերթական սադրանքն են, հերթական տեղեկատվական ահաբեկչությունը: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

«Անհնար է ազատ արձակել դատապարտվածների, ովքեր մարդ են սպանել, ապօրինի կերպով սահման հատել, իրականացրել ահաբեկչական գործողություններ: Ինչպե՞ս կարելի է խոսել նման խնդրի մասին. դա նույնը կլինի, ինչպես, օրինակ, իսլամական գրոհայինների պարագլուխների ազատման մասին հարց բարձրացնելը: Եվ ցավալի է, երբ չի արգելվում կարևոր ատյաններում նման հարցերի  քննարկումը, քանի որ դրանք առաջին հերթին ազդում են հենց այդ ատյանների հեղինակության վրա»,- մանրամասնել է Դավիթ Բաբայանը և հավելել, որ Արցախի համար ադրբեջանցի ահաբեկիչների թեման վաղուց արդեն փակված է:

Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ադրբեջանցի 2 ահաբեկիչների դատավարությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում՝ բաց և թափանցիկ, միջազգային դիտորդների, իրավապաշտպանների, լրատվամիջոցների մասնակցությամբ. դատարանում ապացուցվել է նրանց մեղսունակությունը:

«Չի բացառվում, որ Ադրբեջանը նրանց արդարացնելու համար դիմի նաև այլ քայլերի. դա ևս ալիևյան ռեժիմի կողմից սեփական ժողովրդի ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու մի ձև է: Մենք պատրաստ ենք հակահարված տալու նրանց կողմից կազմակերպվող նմանատիպ սադրանքների: Իսկ եվրոպական կառույցները նման խնդրին պետք է շատ լուրջ մոտենան»,- ասել  է  Դավիթ Բաբայանը:

Սեպտեմբերի 11-ին Վարշավայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային չափորոշիչների վերաբերյալ ստանձնած և իրականացված պարտականությունները» թեմայով խորհրդաժողովին ադրբեջանական պատվիրակության գլխավոր խնդիրը «գերության» մեջ գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատումն է:

 

*

*