«Հայկական վերածնունդ»-ը հանդիպում ունեցավ Մասիսում

Հանդիպման հիմնական թեմաներն էին փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, արդյունաբերության վերականգնումը...
artur-baghdasaryan
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակում շարունակում է համայնքային հանդիպումները: Այս անգամ թիրախում Մասիս քաղաքն էր: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, հանդիպմանը ներկայացնելով առաջիկա ընտրությունների վարկանշային ընտրակարգով առաջադրվող թեկնածուներին, բնակչությանը կոչ արեց քվեարկել Հայաստանում փոփոխություն իրականացնող ուժերի օգտին, քանի որ ընտրությունները կարեւոր նշանակություն ոնեն Հայաստանի համար: Հանդիպման հիմնական թեմաներն էին փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, արդյունաբերության վերականգնումը, բանկային համակարգի փոփոխությունը, գյուղատնտեսության ապահովագրումը։

«Կարեւոր է, որ մեր երկրում, մի անգամ կարողանան հաղթել, հաջողության հասնել այն մարդիկ, ովքեր գրագիտություն ունեն, փորձառություն ունեն, գիտեն կուտակված խնդիրները, գիտեն դրանց լուծման ձեւերն ու բանալիները: Մենք բոլորիդ հորդորում ենք՝ գնացեք ակտիվ մասնակցեք, բացատրեք ձեր հարեւաններին, բարեկամներին, որ մարտնչող տգիտությունից սարսափելի ոչինչ չկա: Առավել եւս, եթե այն հավակնում է, ինչ-որ բարձրունքներ նվաճել: Մենք առաջարկում ենք Հայաստանում վերականգնել արդյունաբերությունը, ունենալ արդյունաբերության զարգացման ծրագիր, արդյունաբերության զարգացման հիմնադրամ, կարողանանք էժան վարկերի միջոցով, երկրում բարենպաստ միջավայր ստեղծելու միջոցով, զարկ տանք մեր երկրի արտադրությանն ու տնտեսությանը: Այսօրվա գործող բանկային համակարգը չի կարող նպաստել արդյունաբերության վերականգնմանն ու զարգացմանը»,- նշեց Բաղդասարյանը:

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*