Ծառուկյանը հորդորել է վանաձորցիներին՝ լինել ազնիվ սեփական խղճի առջև

Գագիկ Ծառուկյանը շարունակում է նախընտրական հանդիպումների շարքը:
CARUKYAN

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է նախընտրական հանդիպումների շարքը: Հերթական հանգրվանը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքն էր: Գագիկ Ծառուկյանին այնտեղ մեծաթիվ համակիրներ են դիմավորել: ԲՀԿ առաջնորդն իր ելույթում մանրամասնորեն խոսել է երկրում առկա ամենացավոտ խնդիրներից՝ դրանց թվում առանձնացնելով հատկապես զբաղվածության և աշխատատեղերի բացակության հարցը:

«Երկիրն օր օրի անկում է ապրում, ժողովրդի հուսալքությունն էլ գնալով խորանում է»,-ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հորդորելով որևէ մեկին չընդառաջել, ոչ ոքի սպառնալիքներից չվախենալ:

Տրված է հնարավորություն խաղաղ ճանապարհով երկրում փոփոխություններ իրականացնել: Դաշինքի առաջնորդը հանդիպումներ է ունեցել նաև մարզի Քուչակ, Ալագյազ և Ջրաշեն համայնքներում, ապա ուղևորվել Լոռու մարզ: Նրան սպասող մարդկանց թիվը Սպիտակում գերազանցել է մի քանի հազարը: Գագիկ Ծառուկյանը ընդգծել է՝ ամենուր հանդիպող ջերմությունն ու վստահությունը ամենաթանկն են իր համար և պարտավորեցնում են ավելին անելու:

«Ժողովրդիս առջև պարտք ունեմ կատարելու, ես իմ խաչը կրելու եմ մինչև վերջ»,-հայտարարել է նա՝ շեշտելով, որ իր կյանքի միակ նպատակն այժմ պետությանն ու ժողովրդին օգտակար լինելն է: Դաշինքի առաջնորդի խոսքով՝ յուրաքանչյուր ոլորտի համար իրենք ունեն մշտակած ծրագիր և անհրաժեշտ քայլերի հաջորդականություն: Եթե ապրիլի 2-ից հետո իրենց հնարավորություն տրվի իշխանություն ձևավորել, ապա կարճ ժամանակահատվածում յուրաքանչյուրն իր վրա է դրական փոփոխություններ զգալու:

Քաղաք Վանաձորում դաշինքի համակիրրների բազմությունը ևս գերազանցել է մի քանի հազարը: Գագիկ Ծառուկյանը նախ շնորհակալություն է հայտնել վանաձորցիներին՝ ջերմ ընդունելության համար, ապա ընդգծել՝ պաշտոնի ու փողի կարիք չունի, իր աշխատանքով զրոյից հասել է ամեն ինչի: Միակ նպատակն այժմ ժողովրդին ծառայելն ու նրան արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելն է:

ԲՀԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ դաշինքի ծրագրում ներառված 15 կետերի իրականացումը երկրում առկա տնտեսական ճգնաժամը կանգնեցնելու միակ ճանապարհն է:

«Պետք է համակարգ փոխվի, օրենքներ ընդունվեն, բյուջեի գումարները պետք է նպատակային ծախսվեն»,-ընդգծել է նա:

Գագիկ Ծառուկյանը հորդորել է վանաձորցիներին լինել ազնիվ սեփական խղճի առջև և քվեախցիկ մտնելիս հիշել՝ իրենցից է կախված, թե ինչպիսի Հայաստանում ենք մենք ապրելու: ԲՀԿ առաջնորդը կոչ է արել չվախենալ ոչ ոքից ու տեր կանգնել սեփական քվեին:

«Ժողովուրդը պետք է հավատա, որ ընտրություններով իսկապես հնարավոր է երկրում իրավիճակ փոխել»,-շեշտել է նա:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*